ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնի ղեկավար, ի.գ.թ, դոցենտ Օլիմպիա Գեղամյանը սեպտեմբերի 22-23-ը մասնակցել է Հայաստանի փաստաբանների միության, «Expertise France» կազմակերպության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցությամբ կազմակերպված վերապատրաստման դասընթացին:

Եռակի էկոլոգիական ճգնաժամի՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման պայմաններում շրջակա միջավայրի իրավունքի, ոլորտի իրավական մարտահրավերների, միջազգային և ներպետական իրավակարգավորումների, կիրառելի իրավական գործիքների մանրամասն քննարկումը կարևոր դեր ու նշանակություն ունեն հանրային քաղաքականության ձևավորման, շրջակա միջավայրի, մարդու էկոլոգիական իրավունքների խախտումների հետ կապված հարցերը դատարանում ներկայացնելու, բարձր պրոֆեսիոնալիզմով մասնագետների պատրաստման հարցերում: Դասընթացին մասնակցել են շուրջ երկու տասնյակ փաստաբաններ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, իրավաբան խորհրդատուներ:
Դասընթացի արդյունավետությունն առավել ընդգծվում է այն հանգամանքով, որ հիմնարար և կիրառական հարցերը, ազգային փորձագետ Օլիմպիա Գեղամյանին զուգահեռ, ներկայացրել են նաև ֆրանսիացի գորրծընկերներ ու ոլորտում մեծ փորձ ունեցող Վենսան Դելոսը և Լաուրա Մոնիեն։
Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ էր Հայաստանի իրավաբանական համայնքի կարողությունների զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում արդի իրավական մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ։