- Main
- Node
- Տարածաշրջանային կրիմինալոգիական համաժողով ԵՊՀ-ում. հեռանկարներ և մարտահրավերներ հանցավորության դեմ պայքարում
September 26, 2025 | 17:30
Տարածաշրջանային կրիմինալոգիական համաժողով ԵՊՀ-ում. հեռանկարներ և մարտահրավերներ հանցավորության դեմ պայքարում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-26-ը ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Տարածաշրջանային կրիմինալոգիական համաժողով. հեռանկարներ և մարտահրավերներ հանցավորության դեմ պայքարում» խորագրով միջազգային կրիմինալոգիական գիտաժողով:

Գիտաժողովի ծրագրում ընդգրկված էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Ժամանակակից քրեական քաղաքականությունը», «Քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումները», «Կազմակերպված հանցավորությանը պետության արձագանքը», «Քրեական ենթամշակույթը քրեակատարողական հիմնարկներում», «Այլընտրանքային պատժամիջոցների կիրառման ընթացքում առկա խնդիրները», «Մեդիայի դերը հանցագործությունների ընկալման գործում»։

Իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ գիտաժողովը յուրահատուկ հարթակ է՝ քննարկելու հանցավորության դեմ պայքարի խնդիրները, ինչպես նաև հեռանկարային մարտահրավերների ժամանակակից մոտեցումները: «Հանցավորության դեմ պայքարի խնդիրները միշտ էլ արդիական են եղել մարդկության պատմության զարգացման ցանկացած փուլում, այսօր՝ ժամանակակից տեխնոլոգիաների, արհեստական բանականության զարգացման ժամանակաշրջանում, կարևոր են է՛լ ավելի»,- շեշտեց դեկանը։
Գիտաժողովին մասնակցեցին Դյուսելդորֆի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Թիլ Ցիմերմանը, Բոննի համալսարանի կրիմինալոգիական սեմինարի և բժշկական իրավունքի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Թորստեն Վերրելը, DAAD-ի ԵՊՀ-ում դասախոս Յոհաննես Գերեոնը, Վրաստանում գերմանական և միջազգային քրեական իրավունքի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Բաչանա Ջիկարիանին, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Մորիս Շալիկաշվիլին:
Գիտական զեկուցումներում ոլորտի առկա խնդիրների համեմատական վերլուծությունը և հնարավոր լուծումների քննարկումները ընդգծեցին գիտաժողովի արդյունավետությունը։