- Main
- Node
- ԵՊՀ-ում գաղափարները դառնում են իրականություն․ նոր հնարավորություն երիտասարդների համար
October 27, 2025 | 11:11
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
ԵՊՀ-ում գաղափարները դառնում են իրականություն․ նոր հնարավորություն երիտասարդների համար
Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Three4ResilientArmenia»-ի «Ազգային գաղափարատոն․ ԵՊՀ-2025» ծրագիրը, որը բիզնես գաղափարների գեներացման և զարգացման նոր հնարավորություն է երիտասարդների համար։ Ծրագրի նպատակն է խթանել ձեռնարկատիրական մտածողությունը, ձևավորել նորարարական մոտեցումներ և աջակցել երիտասարդներին իրենց գաղափարները գործնական բիզնես նախագծերի վերածելու գործընթացում։
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «Իրիս բիզնես ինկուբատոր» հիմնադրամի և «Իմփաքթ Հաբ Երևան» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու ԵՊՀ բիզնես ինկուբատորի հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի թիրախային խմբերն են 18 տարեկանից բարձր անձինք, այդ թվում՝ Արցախից տեղահանվածները, 2020 թվականի պատերազմի մասնակիցները, ինչպես նաև ձեռներեցությամբ հետաքրքրված երիտասարդները։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը միջոցառման բացմանը կարևորեց նախաձեռնության իրագործումը՝ նշելով, որ բուհական միջավայրը լավագույն վայրն է նոր գաղափարների զարգացման համար։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները ոչ միայն նորարարական գաղափարների գեներացման հարթակ են, այլև կամուրջ համալսարանական գիտելիքի և գործնական աշխարհի միջև։ Այստեղ ծնվում են այն գաղափարները, որոնք վաղը կարող են վերածվել կենսունակ բիզնեսների՝ փոխակերպելով մեր կյանքը, տնտեսությունը և բիզնես միջավայրը։
«Հավատացե՛ք՝ յուրաքանչյուր հաջողված բիզնես կամ մեծ ձեռքբերում սկիզբ է առել հենց գաղափարից՝ երբեմն փոքր, երբեմն անիրատեսական թվացող մի մտքից։ Բայց հաջողության գաղտնիքն այն է, որ այդ գաղափարը ճիշտ ձևակերպվի, նպատակային զարգացվի և կյանքի կոչվի։ Այդ ճանապարհին վճռորոշ են երեք բան՝ հավատը, լավ թիմը և հետևողականությունը»,- նշեց դեկանը։
ԵՊՀ բիզնես ինկուբատորի ծրագրերի ղեկավար Գայանե Գևորգյանն ընդգծեց, որ մեր շուրջն անընդհատ ծնվում են նոր գաղափարներ, սակայն մարդիկ հաճախ վախենում են դրանք իրագործելուց՝ մտածելով, որ գուցե դա իրենցը չէ, կամ իրենք չեն կարողանա կյանքի կոչել դրանք։ Ըստ նրա՝ հենց այսօրինակ հարթակներն են նպաստում, որ մասնակիցները կարողանան հաղթահարել այդ վախերը և քայլ առ քայլ անցնել գաղափարից դեպի բիզնեսի իրականացում։
«Ազգային գաղափարատոն․ ԵՊՀ-2025»-ն ինտենսիվ և ինտերակտիվ երկօրյա միջոցառումների շարք էր, որի ընթացքում անցկացվեցին բիզնես գաղափարների գեներացման խաղեր, դասընթացներ և սեմինարներ՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով սովորելու, թե ինչպես կարելի է սեփական մտքերը վերածել կիրառական նախագծերի։ Ծրագրին մասնակցելու համար դիմել են 152 մասնակիցներ, որոնցից ընտրվել են 98-ը։ «Իրիս բիզնես ինկուբատոր»-ի պատասխանատուները նրանց բաժանել են թիմերի, որոնց հետ աշխատել են միջոցառումն իրականացնող կազմակերպությունների փորձառու մենթորները։ Վերջիններս անցկացրել են կարճ դասախոսություններ և գործնական խաղ-առաջադրանքներ, որոնք օգնել են մասնակիցներին կատարելագործել իրենց հմտությունները։
Միջոցառման ընթացքում ձևավորվել են հետաքրքիր գաղափարներ, որոնց ներկայացման ժամանակ թիմերից մեկն առաջարկել է վերամշակված թափոններից և թղթից պատրաստել պայուսակներ․ նրանք բերել էին նմուշներ, որոնք լայն արձագանք են ստացել և նույնիսկ վաճառվել։ Մյուս թիմը քննարկել է երթևեկության անվտանգության բարելավման մեխանիզմներ, իսկ մեկ ուրիշ խումբ մշակել է ծառատունկի և բնապահպանական ձեռնարկատիրության համատեղ մոդել՝ նպատակ ունենալով բնապահպանական գաղափարը միավորելու բիզնես մտածողության հետ։
Գայանե Գևորգյանի խոսքով՝ ԵՊՀ-ում արդեն երկու տարի է, ինչ գործում է Բիզնես ինկուբատորը, որի առաքելությունն է համախմբել տարբեր կրթական ծրագրերի ուսանողներին և միավորել նրանց ընդհանուր նպատակի շուրջ՝ առևտրայնացնելով և կյանքի կոչելով գաղափարները։ Նա ընդգծեց, որ ԵՊՀ-ն այն եզակի բուհերից է, որն ունի մասնագիտությունների լայն շրջանակ, և Բիզնես ինկուբատորը հենց այն հարթակն է, որը կապում է տարբեր ոլորտների ներկայացուցիչներին՝ ստեղծելով համագործակցության միջավայր։ Գայանե Գևորգյանը շեշտեց՝ «Իրիս բիզնես ինկուբատոր»-ի հետ այս համատեղ գործակցությունը չափազանց արդյունավետ էր, և այն ևս կլինի շարունակական։
Միջոցառման ընթացքում թիմերի միջև մրցակցություն գրեթե չի եղել․ փոխարենը ձևավորվել է համագործակցության և փոխօգնության մթնոլորտ։ Համագործակցային այս մոտեցումն ապահովել է ջերմ և ստեղծագործ միջավայր, որը նպաստել է մասնակիցների ակտիվ ներգրավվածությանը։
Վերջում բոլոր մասնակիցները պարգևատրվել են և արժանացել խրախուսական մրցանակների։ Կազմակերպիչներն ընդգծեցին, որ այս ձևաչափը շարունակական է և կանցկացվի նաև Հայաստանի տարբեր մարզերում։




