- Main
- Node
- Իտալական մշակույթը, նոր մարտահրավերներն ու ինքնաճանաչման ճանապարհը ԵՊՀ ուսանողի աչքերով
November 13, 2025 | 15:28
Կրթություն
Ուսանողական
Իտալական մշակույթը, նոր մարտահրավերներն ու ինքնաճանաչման ճանապարհը ԵՊՀ ուսանողի աչքերով
«Տեղացիներն ինձ կոչում էին «Անա» (Ana), և երբ առաջին անգամ լսեցի այս դիմելաձևը, հասկացա, որ Անան շա՜տ է սիրելու Իտալիան, իրեն և կյանքը Իտալիայում»,- ասում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Անահիտ Խաչատրյանը, որը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում ուսանել է Բոլոնիայի համալսարանում՝ իր «ուսանողական գրքի» էջերում ավելացնելով նոր հետաքրքիր պատմություններ։
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Միջազգային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Անահիտ Խաչատրյանը արտերկրում կրթությունը շարունակելու գաղափարը միշտ համարել է իր ակադեմիական ուղու կարևորագույն փուլերից մեկը:
«Այս շրջանի հետ կապված՝ ինձ համար թանկ ու սիրելի են ամենքն ու ամենը․ շատ էի սիրում և գնահատում անգամ առօրյա մարտահրավերներն ու խոչընդոտները՝ գիտակցելով, որ դրանք միայն հետաքրքրությամբ են համեմում կյանքս և շուտով դառնալու են քաղցր հիշողություններ ու հպարտանալու առիթներ։ Մի խոսքով՝ այս թանկարժեք փորձը, որի շնորհիվ արձանագրեցի թե՛ անձնական զարգացում, թե՛ ակադեմիական ձեռքբերումներ, խնամքով հավերժ պահելու եմ իմ սրտի խոր անկյունում»,- ասում է իտալական քաղաքակրթության ու մշակույթի սիրահար Անահիտը։
Նա մեկ կիսամյակ ուսանել է Արվեստի, հումանիտար գիտությունների և մշակութային ժառանգության (Arts, Humanities and Cultural Heritage) ֆակուլտետում՝ ուսումնասիրելով տարբեր դասընթացներ՝ «Անգլերեն՝ մասնագիտական նպատակների համար» («English for Specific Purposes»), «Մշակութային միջոցառումների կառավարում» («Management of Cultural Events»), «Լեզու և կապիտալիզմ» («Language and Capitalism»), «Տեսողական արվեստի մշակույթ» («The Culture of Visual Arts»)։
«Հպարտորեն նշեմ, որ ԵՊՀ-ի, մասնավորապես իմ ֆակուլտետի՝ տարիներ շարունակ ինձ տրամադրած գիտելիքների և ակադեմիական ամուր հիմքի շնորհիվ ես որևէ վայրկյան ինձ «մոլորված» չեմ զգացել ուսումնական գործընթացում՝ չնայած առարկաներն ինձ համար նոր էին և դժվարություններով լի։ Ծրագիրը փայլուն հնարավորություն էր՝ գործնականում կիրառելու միջմշակութային հաղորդակցման և լեզվական հմտությունները, ընդլայնելու մտահորիզոնը, ինչպես նաև մեծ խթան՝ է՛լ ավելի ճկուն և դիմացկուն լինելու միջավայրին հարմարվելու տարատեսակ փուլերում։ Մասնավորապես ուզում եմ ընդգծել վերլուծական և քննադատական մտածողության (analytical and critical thinking) հմտությունների արդի և գործնական կիրառելիությունը այնտեղ՝ եվրոպական ուսումնական համակարգում, ինչի արդյունքում դառնում ես «մտածող ուսանող»,- կարևորում է Անահիտը։
Հակասական զրույց
- Անահի՛տ, ինչպե՞ս էիր պատկերացնում ուսումն արտերկրում, և ինչպիսի՞ն էր այն իրականում։
- Ուսումն արտերկրում պատկերացնում էի անհաղթահարելի և անտանելի բարդ, սակայն իրականում այն հաղթահարելի և տանելի բարդ էր (ժպտում է - հեղ․)։
- Ինչպե՞ս էիր պատկերացնում մարդկանց, և ինչպիսի՞ն էին նրանք իրականում։
- Մարդկանց շատ մշուշոտ, այսպես ասած՝ այլ մոլորակից էի պատկերացնում, բայց Իտալիա ոտք դնելու հենց առաջին իսկ վայրկյաններից հանգստացա, քանի որ իտալացիները անասելի քաղաքավարի էին, ջերմ և ժպտերես, ցանկացած պահի պատրաստ անգամ թողնելու իրենց ճանապարհը և ցույց տալու ինձ հարկավոր ուղղությունը, օգնելու ծանր ճամպրուկները տեղաշարժել։ Հենց այս ամենի շնորհիվ Իտալիա ոտք դնելուն պես սիրտս լցվեց ջերմությամբ և ապահովության զգացումով, և ոչ մի րոպե օտարություն չզգացի։ Իմ՝ Իտալիայի հանդեպ տածած մեծ սիրո գրավականներից մեկը հենց մարդիկ են։
- Ինչպե՞ս էիր պատկերացնում Բոլոնիայի համալսարանը, և ինչպիսի՞ն էր այն իրականում։
- Իմանալով այն փաստը, որ Բոլոնիայի համալսարանն աշխարհի ամենահին բուհն է, մտածում էի, որ այն ժամանակների շունչն ունեցող վայր։ Մուտք գործելով համալսարան՝ ունեցա աննկարագրելի զգացողություններ․ համալսարանական տարբեր մասնաշենքեր մտնելիս թվում էր, թե հայտնվել եմ ոչ թե սովորական կրթական միջավայրում, այլ թանգարանում՝ ողողված Վերածննդի շնչով։ Յուրաքանչյուր քար, կամար ու քանդակ կարծես պատմություն էր պատմում, և այդ տրամադրող մթնոլորտից ոգևորված՝ ուզում էի ամեն անկյուն ուսումնասիրել, քայլել միջանցքներով, բոլոր մասնաշենքերում լինել և ավելի մեծ ոգևորվածությամբ սովորել։
Անվերջ կարելի է խոսել գրադարանների մասին, որոնք նման էին «լուռ գանձարանների»՝ մինչև առաստաղ հասնող մուգ փայտից գրապահարաններով, որտեղ հին ձեռագրերը «խոսում էին» դարերի իմաստությամբ, որոնց շարքերում կային նաև հայկական շատ նյութեր, ինչն անասելի հպարտացնող էր․․․ Ամեն անգամ այդ միջավայրում գտնվելիս զգում էի, թե ինչպես եմ դառնում այդ հսկայական պատմության մի փոքրիկ մասնիկը։
- Նախքան մեկնելը կարծում էի․․․․, սակայն․․․։
- Նախքան մեկնելը կարծում էի, որ անտանելի է լինելու և մի քանի օրից լացակումած հետ եմ գալու, այնինչ Իտալիայից վերադարձել եմ թաց աչքերով և այն տարօրինակ զգացումով, որ իմ մի տնից գնում եմ մյուս տուն՝ սրտիս մի մեծ կտոր հավերժ թողնելով Իտալիայում։
- Ամենադժվարը․․․
- Ամենադժվարը ռիսկի դիմելն էր, «հարմարավետության գոտուց» դուրս գալը․ հենց դա էլ դարձավ իմ ուժեղ կողմը։
- Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ լսեցիք Ձեր անունն այլ լեզվով։
- Ինձ տեղացիները կոչում էին «Անա» (Ana), և առաջին անգամ այդ դիմելաձևը լսելով՝ հասկացա, որ Անան շա՜տ է սիրելու Իտալիան, իրեն և իր կյանքը Իտալիայում։
Մեկ էջ, մեկ պատմություն
- Անահի՛տ, կա՞ որևէ պատմություն՝ կապված Իտալիայում ուսումնառելու ժամանակաշրջանի հետ, որը սկզբում կարծես բարդ կամ շփոթեցնող էր, բայց հետագայում վերածվեց հետաքրքիր և ուսուցողական փորձի։
- Մի անգամ այսպիսի մի դեպք պատահեց․ պարզվեց, որ պետք է մասնակցեմ պարտադիր քննության, ինչի մասին իմացա քննությունից մեկ օր առաջ՝ տեխնիկական թյուրիմացության պատճառով։ Քննությանը պատրաստվելու համար անհրաժեշտ էր ուսումնասիրել լայնածավալ նյութ, որը յուրացնելն անհնար էր թվում անգամ մեկ շաբաթում, առավել ևս, երբ դասընթացի բովանադակությանը ծանոթ չէի։ Իսկ քննության գնահատականը ԵՊՀ-ում որոշիչ դեր պիտի ունենար ինձ համար։ Մի քանի ժամ անդադար լաց լինելուց հետո հավաքվեցի և ընկերուհուս հետ գնացի իմ սիրելի այգի՝ քննությանը նախապատրաստվելու։ Տուն վերադառնալուց հետո էլ ամբողջ գիշեր՝ մինչ առավոտ, թաց աչքերով պարապեցի ընկերուհիներիս օգնությամբ։
Հաջորդ օրը քննությանը ներկայացա շատ լարված։ Թեև ինձ համար անսպասելի էր, բայց ամեն ինչ լավ անցավ, և գրանցեցի լավ արդյունք։ Այդ փորձն այժմ հիշում եմ մեծ ջերմությամբ։ Այն ինձ սովորեցրեց, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում հնարավոր է գտնել ուժ՝ հավատալու, աշխատելու և հաղթահարելու։ Իսկ ընկերուհիներիս աջակցությունը՝ թե՛ հոգեբանական, թե՛ գործնական, դարձավ այս պատմության առանցքային մասը։ Վստահ եմ՝ հենց այդ միասնականությունն ու լավատեսությունն էլ օգնեցին հաղթահարել այդ բարդ փորձությունը։
Հետաքրքիր ընտրություն
- Անահի՛տ, քննությունը նախընտրում եք հանձնել գրավո՞ր, թե՞ բանավոր։
- Բանավոր։
- Առավոտյան դաս ԵՊՀ-ո՞ւմ, թե՞ Իտալիայում։
- Առավոտյան՝ իտալական սուրճով ԵՊՀ-ում, բայց ցերեկային/երեկոյան դաս՝ Իտալիայում։
- Հետաքրքիր դասախոս՝ հա՞յ, թե իտալացի՞։
- Իր գործի գիտակ՝ թե՛ հայ, թե՛ իտալացի։
- Քննությունը ԵՊՀ-ո՞ւմ, թե՞ Իտալիայում։
- Քննությունը ոչ մի տեղ դժվար չի թվում, եթե պարապել ես։
- Ավելի ակտիվ են հա՞յ, թե՞ իտալացի ուսանողները։
- Ուսանողական ավելի հետաքրքիր և ակտիվ կյանք ու առօրյա ունեն իտալացիները։
- Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր անցկացրած առաջին շաբաթն արտերկրում։
- Նորի սպասումով։
- Ձեր սիրելի իտալական բառը։
- Perfetto։
- Ամենահիշարժան պահը։
- Առաջին հանդիպումն այդքան հեռու թվացող քաղաքի հետ։
- Եթե հնարավորություն ունենայիք մեկ սովորություն Իտալիայից «ներմուծելու» Հայաստան, ապա դա կլիներ․․․
- Դանդաղ կյանքի մշակույթը․ դա փոքր բաներից երջանկանալու մշակույթն է, պահը վայելելու ունակությունը։
Անահիտը նշում է, որ Իտալիայում անցկացրած ժամանակը ոգեշնչեց նրան առավելագույնս վայելելու ուսման և նոր փորձերի յուրաքանչյուր պահը՝ գիտակցելով, որ այդ պարգևը ժամանակավոր է և երբեք չի կրկնվի։
Այս փորձը նաև փոխեց նրան որպես ուսանողի՝ սովորեցնելով, որ ոչ մի բարդ ու լայնածավալ նյութ կամ կարճ ժամկետ չի կարող վախեցնել նրան։