«Մխիթարյան միաբանության հայրերը» նախագծի և «Սեբաստացու օրեր» միջոցառումների շրջանակում ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը ս.թ. նոյեմբերի 18-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանում հանդես եկավ բանախոսությամբ։
«Մխիթարյան միաբանության «Բազմավեպ» պարբերականի պատմական նշանակությունը» խորագրով բանախոսությունը մասնակցեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 10-12-րդ դասարանների աշակերտները։
Էդիկ Մինասյանը ներկայացրեց Մխիթարյան միաբանության կրթական, գիտական և մշակութային դերը հայոց պատմության մեջ՝ առանձնացնելով միաբանության նշանավոր հայրերի՝ Մխիթար Սեբաստացու, Ղևոնդ Ալիշանի, Ղուկաս Ինճիճյանի, Միքայել Չամչյանի և այլոց նշանակալի ավանդը միաբանության զարգացման ու հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման գործում։
Բանախոսն ընդգծեց հայ ժողովրդի պատմության բոլոր փուլերում հասարակական համախմբման և միաբանության կարևորությունը՝ այն դիտարկելով ժողովրդի կայացման ու դիմադրողականության հիմնարար պայմաններից մեկը։
ԵՊՀ պրոֆեսորը մանրամասնորեն անդրադարձավ 1843 թվականից մինչ օրս լույս տեսնող «Բազմավեպ» ամսագրի բովանդակությանը՝ ներկայացնելով դրա աղբյուրագիտական, պատմագիտական և մշակութաբանական կարևոր հանգամանքները։ Նա ընդգծեց «Բազմավեպ»-ի հեղինակների կապը եվրոպական մտքի առաջադեմ գործիչների հետ, ինչի շնորհիվ պարբերականը կամրջող դեր է կատարել հայ և եվրոպական լուսավորական միջավայրերի միջև։
Հանդիպման ավարտին աշակերտներն իրենց հետազոտական աշխատանքների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն ստացան: Պրոֆեսոր Է. Մինասյանը աշակերտներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց հետազոտությունների կատարման ընթացքում ևս և հրավիրեց աշակերտներին այցելելու Պատմության ֆակուլտետ։