- Main
- Node
- Մագիստրոսական ծրագրից մինչև միջազգային գործընկերություն․ քննարկվեց Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի զարգացման տեսլականը
January 21, 2026 | 14:21
Կրթություն
Հետազոտություն
Մագիստրոսական ծրագրից մինչև միջազգային գործընկերություն․ քննարկվեց Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի զարգացման տեսլականը
ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի հետագա գործունեության և զարգացման առաջնահերթություններին։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերներին, գիտահետազոտական աշխատանքների զարգացման հնարավորություններին, ինչպես նաև կենտրոնի դերի ամրապնդմանը պետական քաղաքականության ձևավորման գործընթացում։ Կարևորվեց ակադեմիական և պետական կառույցների, ինչպես նաև օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները կարևորեցին ժողովրդագրական խնդիրների նշանակությունը՝ միաժամանակ ընդգծելով ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվող նախաձեռնությունների և հետազոտությունների դերակատարումը քաղաքականությունների արդյունավետ պլանավորման ու փաստահենք որոշումների կայացման գործընթացում՝ վերահաստատելով պատրաստակամությունը համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ընդգծեց ժողովրդագրական հետազոտությունների առանցքային նշանակությունը ժամանակակից հասարակությունների կայուն զարգացման գործում։ Նրա խոսքով՝ ԵՊՀ-ում ստեղծված ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնը կարևոր հարթակ է գիտական ներուժի համախմբման, միջգիտակարգային համագործակցության խթանման և պետական քաղաքականությունների ձևավորման գործընթացում՝ գիտահենք մոտեցումների ապահովման տեսանկյունից։ ԵՊՀ ռեկտորը վստահեցրեց, որ համալսարանը շարունակելու է աջակցել կենտրոնի գործունեությանը՝ նպաստելով հետազոտական ծրագրերի ընդլայնմանը։
«Նախորդ տարի հիմնադրվեց ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնը, որն արդեն իսկ հասցրել է կատարել մի շարք կարևոր աշխատանքներ։ Այսօր մենք քննարկում ենք, թե ինչպես է պետության կողմից ընդունված ժողովրդագրական ռազմավարությունից բխող գործողությունների իրականացումը կրթական և հետազոտական ծրագրերի շրջանակում համադրվելու կենտրոնի գործունեության հետ, և ինչպես են ռազմավարությունն ու կենտրոնի աշխատանքները փոխլրացնելու միմյանց։ Շատ կարևոր եմ համարում, որ նման կենտրոններն ունենան խորհրդատվական մարմին․ սա նոր մշակույթ է մեր իրականության մեջ և կարևոր քայլ՝ կենտրոնի ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհին»,- նշեց ԵՊՀ ռեկտորը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ժողովրդագրությունը ներկայում ոչ միայն Հայաստանի, այլև գրեթե բոլոր երկրների համար դարձել է առաջնային և ռազմավարական նշանակության խնդիր։ Նրա խոսքով՝ առանց կայուն և որակյալ բնակչության, առանց մարդկային կապիտալի հնարավոր չէ արդյունավետ զարգացում ապահովել որևէ ոլորտում՝ լինի դա պաշտպանություն, տնտեսություն, կրթություն, գիտություն կամ առողջապահություն։
«Այս պահին Կառավարությունում ընթանում է ռազմավարությունների կոնսոլիդացման գործընթաց, և կա գաղափար, որ երկրում լինի ընդամենը վեց հիմնական ռազմավարություն, որոնցից մեկը նվիրված կլինի մարդկային կապիտալին՝ ներառելով նաև ժողովրդագրական հարցերը։ Ակնկալում ենք, որ ակադեմիական հանրույթը, այդ թվում՝ այս կենտրոնը, ոչ միայն մեզ խորհուրդ տա, այլև հուշի, երբեմն նաև պնդի՝ ինչ անել և ինչից հրաժարվել։ Առանց այդ սիներգիայի՝ հաճախ ընդունվում են ոչ ճիշտ, ոչ արդյունավետ կամ ժամանակավրեպ որոշումներ»,- ընդգծեց նախարարը։
Արսեն Թորոսյանը նաև հավելեց, որ թեև նախարարության ենթակայության ներքո կան հետազոտական կառույցներ, սակայն կարևոր է առավել ակտիվորեն օգտվել դասական ակադեմիական հաստատությունների, մասնավորապես Երևանի պետական համալսարանի և այլ բուհերի գիտական ներուժից ու հետազոտական արդյունքներից։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը մատնանշեց, որ արդեն արձանագրվել են կենտրոնի գրանցած առաջին արդյունքները։ Կենտրոնի գործունեությունն ու ռազմավարությունն արդեն իսկ մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Մեր գործընկերները այն դիտարկում են որպես պոտենցիալ տարածաշրջանային հարթակ, որը զարգացման արդյունքում կարող է աջակցել ոչ միայն Հայաստանին, այլև հարևան և եվրոպական երկրներին։
«Եթե միասին քայլ առ քայլ առաջ գնանք, կարող ենք մեր գործողությունները ցույց տալ աշխարհին, թե ինչպես պետք է լուծել ժողովրդագրական հարցերը։ Սա մեկ կառույցի անելիքը չէ․ ժողովրդագրությունը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ մասնավոր հատվածից մինչև կրթություն և գիտություն․ սա բոլորիս համատեղ պատասխանատվությունն է»,- հավելեց գրասենյակի ղեկավարը։
ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Տիգրան Գասպարյանը ներկայացրեց կենտրոնի զարգացման ռազմավարական շրջանակը, տեսլականը և առաջիկա երեք տարիների ճանապարհային քարտեզը՝ ընդգծելով, որ կենտրոնը ձևավորվում է որպես համագործակցային հարթակ՝ միավորելով համալսարանը, պետական կառույցներն ու միջազգային գործընկերներին։ Նա նշեց, որ Հայաստանը կանգնած է ժողովրդագրական մարտահրավերների առաջ, որոնց թվում են ծնելիության և պտղաբերության կայուն նվազումը, արտագաղթը և բնակչության ծերացումը, ինչը զգալի ազդեցություն ունի սոցիալ-տնտեսական զարգացման, աշխատուժի և կառուցվածքային փոփոխությունների վրա։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է «կենդանի» փաստաթուղթ, որը կապահովի շարունակական վերլուծություններ, տվյալների հավաքագրում, մոդելավորում և ինստիտուցիոնալ աջակցություն։
«Տեսլականը, որը մենք առաջարկում ենք, այն է, որ կենտրոնը դառնա Հայաստանի առաջատար ժողովրդագրական, հետազոտական և կրթական կենտրոն։ Մենք ունենք հստակ տեսլական, ըստ որի՝ նպատակ ունենք առաջիկա հինգ տարիների ընթացքում դառնալու պետական կառույցների վստահելի գիտելիքային գործընկեր, ակադեմիական և կրթական հարթակ։ Մասնավորապես, մենք ձգտում ենք ստանձնելու և ձեռք բերելու նաև տարածաշրջանային ճանաչում ունեցող կենտրոնի կարգավիճակ։ Այս տեսլականից բխում են մեր ռազմավարական հինգ նպատակները․ առաջին՝ հետազոտություն և կանխատեսում, երկրորդ՝ քաղաքականությունների աջակցություն, երրորդ՝ կրթական կարողությունների զարգացում, չորրորդ՝ գործընկերություն և միջազգայնացում, հինգերորդ՝ ինստիտուցիոնալացում։ Սրանք միասին ապահովում են կենտրոնի գիտելիքային, ակադեմիական, կառավարչական և տարածաշրջանային հարթակի լիարժեք զարգացումը»,- ասաց նա։
Տիգրան Գասպարյանը հավելեց, որ նախատեսվում է կենտրոնում ստեղծել խորհրդատվական հատուկ մարմին, որի կազմում կլինեն յոթ ներկայացուցիչներ՝ ապահովելու կենտրոնի ռազմավարական վերահսկողությունը։ Խորհրդատվական մարմնի կազմում ներգրավված կլինեն ներկայացուցիչներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ԵՊՀ-ից, UNFPA-ից և փորձագիտական այլ շրջանակներից։ Այն պատասխանատու կլինի կենտրոնի եռամյա և տարեկան ծրագրերի ընդունման և հաստատման համար, ինչպես նաև տարեկան կգնահատի տնօրենին և թիմի աշխատանքը։
Կենտրոնի տնօրենը նշեց, որ այս տարի նախատեսվում է անցկացնել ամառային դպրոց, զարգացնել համագործակցային ծրագրեր ինչպես Կառավարության, այնպես էլ միջազգային գործընկերների հետ, սկսել մագիստրոսական ծրագրի մշակում և շարունակել առաջնահերթ այլ նախագծեր։ Կենտրոնը նաև պատրաստվում է ընդլայնելու իր գործընկերային ցանցը, ապահովելու ֆինանսական մոդելի կայունություն և ներդնելու գնահատման մեխանիզմներ՝ գործունեության արդյունավետությունը գնահատելու համար։
Հանդիպմանը ներկա ԵՊՀ պրոռեկտորները, տարբեր ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ոլորտի մասնագետները հնարավորություն ստացան տեղում ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Նշենք, որ կենտրոնը ստեղծվել է ԵՊՀ-ի, ՄԱԲՀ-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և մեկնարկել իր աշխատանքը Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ` նպատակ ունենալով ամուր հիմքերի վրա դնելու Հայաստանում ժողովրդագրության զարգացումը:





