- Main
- Node
- Համագործակցության հուշագիր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և ՀՀ հաշտարարների պալատի միջև
January 21, 2026 | 12:12
Գիտություն
Գործընկերներ
Համագործակցության հուշագիր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և ՀՀ հաշտարարների պալատի միջև
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և ՀՀ հաշտարարների պալատի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով ամրապնդելու և շարունակաբար զարգացնելու իրավաբանական կրթության և գիտության արդյունավետ կապը պրակտիկ դաշտի հետ:
Ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը բարձր գնահատեց հաշտարարության զարգացման դերն ու նշանակությունը ՀՀ-ում՝ իրավագիտակցության, իրավական մշակույթի, իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Նրա խոսքով՝ տարբեր մարմինների հետ արդյունավետ և երկարամյա համագործակցության փորձ ունեցող Իրավագիտության ֆակուլտետը պատրաստակամ է մասնագիտական ներուժը, գիտական ավանդույթները ներդնելու և համագործակցելու ՀՀ հաշտարարների պալատի հետ:
Արդյունավետ համագործակցության արդյունքում ուսանողները հնարավորություն կունենան տեսական գիտելիքները կիրառելու գործնականում և ձեռք բերելու գործնական հմտություններ՝ որպես հետազոտողներ և խորհրդատուներ ներգրավվելով Հաշտարարների պալատի համար անհրաժեշտ նախագծերում: Ֆակուլտետի իրավաբանական կլինիկան ևս մասնակցություն կունենա արտոնագրված հաշտարարի կողմից իրականացվող հաշտարարության գործընթացին:
Հաշտարարների պալատի նախագահ Գայանե Դեմիրչյանը բարձր գնահատեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հետ համագործակցությունը: Լինելով ֆակուլտետի շրջանավարտ՝ նա արժևորեց համալսարանի դերը՝ շեշտելով հարազատ ֆակուլտետի ներդրումը իր մասնագիտական կայացման ճանապարհին:
Կողմերն ընդգծեցին, որ նմանօրինակ համագործակցությունները նպաստում են գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը՝ ստեղծելով նաև ուսանողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու արդյունավետ միջավայր:


