- Main
- Node
- «Գիտնականի համար չկա ավելի մեծ հաջողություն, քան սեփական հետազոտության գործնական արժեքը տեսնելը»․ ԵՊՀ փորձագետ Անի Չախոյան
February 25, 2026 | 11:06
Կրթություն
Հասարակություն
«Գիտնականի համար չկա ավելի մեծ հաջողություն, քան սեփական հետազոտության գործնական արժեքը տեսնելը»․ ԵՊՀ փորձագետ Անի Չախոյան
«Ընտրեցի ֆարմացիայի ոլորտը, քանի որ այստեղ քիմիայի «կախարդանքը» վերածվում է կոնկրետ լուծումների՝ դեղերի, որոնք փրկում են կյանքեր»,- ասում է ԵՊՀ դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի փորձագետ Անի Չախոյանը, որը ժամանակին որպես գործունեության ոլորտ է ընտրել գիտության աշխարհը: Նրա օրինակն ընդգծում է, թե որքան կարևոր է կանանց ներկայությունը գիտության աշխարհում, որտեղ նրանց աշխատանքի արդյունքում ոչ միայն արձանագրվում են գիտական նվաճումներ, այլև լուծվում են հասարակության համար կենսական նշանակություն ունեցող հարցեր։
«Մասնագիտությանս ընտրության հարցում վճռորոշ եղավ բարդ խնդիրներին լուծում տալու ցանկությունը: Ընտրեցի այս ճանապարհը, որ իմ «պրպտումները» ունենան գործնական արժեք և ծառայեն մարդկանց առողջությանը»,- ասում է Անին:
Կինը լաբորատորիայում՝ խոչընդոտներից մինչև մասնագիտական վստահություն
Անին նշում է, որ մասնագիտական դժվարությունները ոչ թե խոչընդոտներ են իր համար, այլ մարտահրավերներ, որոնք հնարավորություն են տալիս զարգացնելու և ամրապնդելու գիտելիքները: Նա ընդգծում է՝ երբ սիրում ես աշխատանքդ և կենտրոնացած ես արդյունքի վրա, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներն ընկալվում են որպես փորձառություն և առաջ շարժվելու նոր հնարավորություն:
«Բարեբախտաբար, ես աշխատում եմ մի միջավայրում, որտեղ երբևէ խտրականություն չեմ զգացել. ԵՊՀ-ում գնահատվում է նախևառաջ մասնագիտական պատրաստվածությունը: Միակ բանը, որ սկզբում շատերի մոտ զարմանք էր առաջացնում, իմ աշխատանքն էր ատոմային էմիսսիոն սպեկտրաչափի հետ: Չգիտես՝ ինչու, նման բարդ սարքավորումների սպասարկումն ու տարրային անալիզի իրականացումը համարվում էր «տղամարդու աշխատանք»: Ես այդ մոտեցման հետ բացարձակ համաձայն չեմ: Եթե լաբորատորիայում առկա է հրատապ անհրաժեշտություն, ես մեծ հաճույքով կատարում եմ ցանկացած գործ՝ լինի դա հետազոտություն թե ինժեներական միջամտություն: Սարքերի ու նյութերի համար կապ չունի՝ իրենց հետ աշխատողը կի՞ն է, թե՞ տղամարդ. սարքը պարզապես «պահանջում է» գիտելիք, հմտություն և մի փոքր էլ «ամուր ձեռք»՝ անկախ սեռից»,- նշում է Անին և հավելում, որ իր հիմնական «զենքը» մասնագիտական գիտելիքն ու հետևողականությունն են:
Ըստ նրա՝ երբ շրջապատը տեսնում է, որ աշխատողը տիրապետում է իր գործին և վստահորեն լուծում է տեխնիկական խնդիրները, կարծրատիպերը ինքնըստինքյան վերանում են:
«Գիտության մեջ հարգանքը վաստակում են ոչ թե խոսքերով, այլ ցուցաբերած վերջնարդյունքով, որը հենց լավագույն պատասխանն է ցանկացած թերահավատության»:
Խոչընդոտներ կան, սակայն հաղթահարելի են
«Կարծում եմ՝ որոշակի խոչընդոտներ դեռևս կան։ Գիտությունը պահանջում է բացարձակ նվիրում և անսահման ժամանակ, սակայն չպետք է մոռանալ, որ կնոջ աշխատանքը աշխատավայրից դուրս չի ավարտվում։ Մենք հաճախ ստիպված ենք լինում գիտական բարդ հետազոտությունները, դասախոսական ու փորձագիտական ծանրաբեռնվածությունը համատեղել ընտանեկան ու կենցաղային պատասխանատվության հետ՝ չնայած, որ դա միաժամանակ մեզ դարձնում է ավելի ճկուն ու կազմակերպված»,- ընդգծում է փորձագետը։ Նրա խոսքով՝ խոչընդոտներ կան, սակայն դրանք հաղթահարելի են, եթե կա ներքին մեծ մոտիվացիա և սեր դեպի ընտրածդ մասնագիտությունը։ Անին շեշտում է, որ կանանց մասնակցությունը գիտությանը կարևոր է նախևառաջ նրանց յուրահատուկ աշխարհայացքի ու մոտեցման համար․ կանայք օժտված են բացառիկ համբերատարությամբ, մանրուքների նկատմամբ ուշադրությամբ և միաժամանակ մի քանի գործընթացներ համակարգելու ունակությամբ։
«Կին գիտնականը օրինակ է հաջորդ սերունդների համար՝ փաստելով, որ կարելի է լինել հաջողակ մասնագետ՝ չկորցնելով կանացիությունը։ Երբ գիտության մեջ կա սեռերի հավասարակշռություն, որոշումներն ու լուծումները դառնում են ավելի բազմակողմանի և մարդակենտրոն»։
Անին կարողանում է ներդաշնակորեն համատեղել մասնագիտական և անձնական ոլորտները, իսկ աշխատավայրում ձևավորված ջերմ ու առողջ հարաբերությունները թույլ չեն տալիս սպառվել ծանրաբեռնվածությունից: Նրա խոսքով՝ երբ գործդ և շրջապատդ ներդաշնակ են, մասնագիտական ու անձնական կյանքի համադրումը դառնում է ոչ թե բարդություն, այլ բնական ու հաճելի կենսակերպ։
Նա կարծում է, որ գիտության մեջ կանանց հաջողության հիմքում են մասնագիտական գիտելիքը, հետևողականությունը և ինքնավստահությունը, իսկ կարծրատիպերը, ըստ նրա, լավագույնս հաղթահարվում են գրանցած արդյունքով:
Անի Չախոյանի գործունեությունը ֆարմացիայի ոլորտում միավորում է դասախոսությունը, գիտական հետազոտությունը, փորձագիտական աշխատանքը և հանրային հաղորդակցությունը: Նա զբաղվում է հիվանդանոցային դեղային ապահովման արդյունավետության բարձրացմամբ, մշակում կլինիկատնտեսագիտական մեխանիզմներ՝ դեղերի կիրառումը տնտեսապես օպտիմալացնելու համար, կատարում է տարրային անալիզներ ԵՊՀ դեղերի որակի հսկման և մոնիթորինգի կենտրոնում։ Նա իր ամենամեծ ձեռքբերումը համարում է գիտական հիմքի ստեղծումը, որը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում օգնում է առողջապահական համակարգին՝ բարելավելով ֆինանսական ռեսուրսների օգտագործումն ու բարձրացնելով բուժառուների բուժման որակը:
«Գիտնականի համար չկա ավելի մեծ հաջողություն, քան սեփական հետազոտության գործնական արժեքը տեսնելը»,-ամփոփում է նա։