- Գլխավոր
- Նորություններ
- «Լուսանկարը լրացնում է գրավոր աղբյուրները՝ երբեմն փարատելով այն կասկածները, որոնք կան տեքստերում». Իվեթ Թաջարյան
Հունիս 04, 2026 | 12:21
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մշակույթ
«Լուսանկարը լրացնում է գրավոր աղբյուրները՝ երբեմն փարատելով այն կասկածները, որոնք կան տեքստերում». Իվեթ Թաջարյան
Իվեթ Թաջարյանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ է, ինչպես նաև «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանի ղեկավարը: ԵՊՀ-ում նա դասավանդում է «Լուսանկարչության պատմություն» առարկան: Իվեթ Թաջարյանի հետ զրուցել ենք Հայաստանում լուսանկարչության զարգացման, լուսանկարների՝ որպես պատմական աղբյուրի կարևորության, ինչպես նաև հայ լուսանկարիչների դերի ու թողած ժառանգության մասին:
- Տիկի՛ն Թաջարյան, Դուք ուսումնասիրել եք լուսանկարը՝ որպես հայագիտության հետազոտության աղբյուր և պատմության վավերագրման փաստացի վկայություն: Ո՞րն է լուսանկարի հիմնական առավելությունն ու սահմանափակումը՝ համեմատած գրավոր աղբյուրների հետ:
- Լուսանկարչությունն աշխարհում հայտնագործվել, այսպես ասած, ակադեմիական փաստաթուղթ է ստացել 1839 թվականին: Բայց, ցավոք, Հայաստանում այս ոլորտը երկար ժամանակ ըստ արժանվույն չի գնահատվել ու հետազոտվել: 2006 թ., երբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս՝ լուսանկարչության թեմայով, պարզ դարձավ, որ այն մեր իրականության մեջ առաջինն էր: Դա մի փոքր տխուր փաստ է, քանի որ աշխարհում այդ ժամանակ արդեն գործում էին լուսանկարչական թանգարաններ ու ցուցահանդեսներ, իսկ մեզ մոտ դեռևս չկա մի առանձին անկյուն, որտեղ կարողանանք տանել ուսանողներին՝ մեր լուսանկարչական հարուստ ժառանգությանը ծանոթացնելու համար:
- Ի՞նչ վիճակում են մեր լուսանկարչական արխիվներն այսօր: Որքանո՞վ են թանգարանները պատրաստ պատշաճ կերպով պահպանելու հին լուսանկարները։ Ինչպիսի՞ն է իրավիճակը Մատենադարանում:
- Արխիվներից օգտվելու համար կա հատուկ ընթացակարգ, այդտեղ պահվող լուսանկարները նույնիսկ հետազոտողների համար առանց ընթացակարգի հասանելի չեն:
Լուսանկարը շատ խոցելի նյութ է, այն թղթի վրա է և սխալ պայմաններում պահելու դեպքում արագ վնասվում է: Ես ինքս 1997-1998 թթ. արխիվներում տեսել եմ լուսանկարներ, որոնք իմ լուսանկարչական ապարատով վերանկարել եմ. այսօր գնում եմ, նայում բնօրինակը և տեսնում, որ լույսի պատճառով պատկերը խամրել է, ու գույները գրեթե անհետացել են:
Ցավոք, մեզ մոտ հաճախ լուսանկարները արխիվներում պահվում են, օրինակ, փաստաթղթերի, կամ այլ նյութեր հետ, ինչը սիրողական մակարդակի վերաբերմունք է․ յուրաքանչյուր նյութ իր պահման ջերմաստիճանն ունի:
Մատենադարանում մինչև 4-5 տարի առաջ խիստ մասնագիտորեն չէին մոտենում լուսանկարներին. եթե նվիրատուն ձեռագրերի հետ մեկտեղ լուսանկարներ էր տալիս, դրանք չէին տեսակավորվում կամ համարակալվում: Պաշտոնի բերումով, երբ ցուցադրությունների համար նյութ էի փնտրում անհատական ֆոնդերում, հայտնաբերեցի ահռելի քանակությամբ լուսանկարներ, որոնք լուրջ ուսումնասիրության չէին ենթարկվել: Երեք տարի առաջ մեր կազմակերպած մեծ ցուցադրությունից հետո մարդիկ իմացան, որ Մատենադարանը նաև լուսանկարներ է ընդունում, և սկսեցին նոր նվիրատվություններ անել:
- Ինչո՞ւ է կարևոր հենց 19-րդ դարի հայկական լուսանկարչության ուսումնասիրությունը:
- 19-րդ դարում, երբ լուսանկարչությունը դեռ նորույթ էր և ընկալվում էր զուտ որպես տեխնիկա, հայերը՝ որպես բարձրակարգ մասնագետներ, արդեն աշխատում էին տարբեր երկրների արքունիքներում: Օրինակ՝ Աբդուլահհյան եղբայրները Օսմանյան կայսրությունում, կամ Անտուան խան Սևրուգինը, որն Իրանում Ղաջարների հարստության Նասր էդ Դին շահի անձնական լուսանկարիչն էր և շահից ստացել էր խանի տիտղոս: Ավելի ուշ Եվրոպայում և Ամերիկայում հռչակվեց Յուսուֆ Քարշը (Հովսեփ Քարշյան), Թուրքիայում՝ Արա Գյուլերը, որին անվանում էին Ստամբուլի աչք և այլն:
- Հայաստանում ե՞րբ սկսեց զարգանալ լուսանկարչությունը:
- Հայաստանում այն մի փոքր ուշ տարածվեց, կարող ենք ասել՝ 19-րդ դարի վերջին: Եթե աշխարհում արդեն անցում էին կատարում գեղարվեստական լուսանկարչությանը, ապա մեզ մոտ այն դեռ ուներ զուտ փաստավավերագրական բնույթ: Անդրադառնալով Ձեր հարցին, թե որն է լուսանկարի հիմնական առավելությունն ու սահմանափակումը՝ համեմատած գրավոր աղբյուրների հետ, նշեմ, որ լուսանկարը գալիս է լրացնելու գրավոր աղբյուրներին՝ երբեմն փարատելով այն կասկածները, որոնք կարող են առաջանալ տեքստերում: Օրինակ՝ Հայոց ցեղասպանությունը․ մենք, իհարկե, կասկածի տակ չենք դնում այդ փաստը, բայց եթե չլինեին օտարերկրյա լուսանկարիչները, միսիոներներն ու զինվորները, մենք չէինք ունենա այդ վավերագրությունը: Գաղթի ճանապարհին հայը հոգեբանորեն ի վիճակի չէր կանգնելու ու լուսանկարելու այդ արհավիրքը: Այսօր ցեղասպանագետների գիտաժողովներում հենց այդ ֆոտոփաստերն են ներկայացվում որպես անհերքելի ապացույց, քանի որ դրանք վավերացված են օտարի աչքով:
Լուսանկարը սկզբնաղբյուր է ազգագրագետների, հնագետների, ցեղասպանագետների, արվեստաբանների ու մշակութաբանների համար: Չկա գիտական մի ոլորտ, որտեղ լուսանկարչությունը շրջանցելի լինի:
- Ովքե՞ր էին 19-րդ դարի հայ հայտնի լուսանկարիչները:
- 19-րդ դարի լուսանկարները շատ կարևոր են որպես հայագիտական աղբյուր: Այդ ժամանակ լուսանկարչությունը դեռ հանրահռչակված չէր, և քիչ թվով հայեր էին տիրապետում լուսանկարելու տեխնիկային: 19-րդ դարի վերջի հայ վավերագրող լուսանկարիչների՝ Արա և Արամ Վրույրների, Քյուրքչյանի, Մատթեոս Փափազյանցի, Կարապետ Հովհանջանյանի արխիվները չափազանց կարևոր են: Նրանք տիրապետում էին այդ տեխնիկային և սահմանափակ հնարավորություններով շրջում էին Արևմտյան Հայաստանում՝ լուսանկարելով ճակատագրական սահմանագծին գտնվող մեր ճարտարապետական հուշարձանները, որոնք տարիներ անց, ամենայն հավանականությամբ, կա՛մ ավերվել, կա՛մ հիմնովին փոխվել են: Այսօր վերականգնող ճարտարապետներն ու հնագետները համեմատում են ներկան անցյալի հետ և այդ պատկերավոր փաստաթղթերի շնորհիվ կարողանում են բնօրինակի տեսքով վերականգնել քանդակներն ու պատերը:
- Ովքե՞ր էին հրավիրում այդ լուսանկարիչներին՝ միանալու արշավախմբերին:
- Նրանց հրավիրում էին անվանի գիտնականներ ու ճարտարապետներ, ինչպիսիք էին Նիկողայոս Մառը, Յոզեֆ Ստրժիգովսկին, Թորոս Թորամանյանը: Նրանք գնում էին հուշարձանները չափագրելու և ուսումնասիրելու, և իրենց հետ տանում էին լավագույն լուսանկարիչներին: Այսօր մեզ համար ամեն ինչ հեշտ ու հասանելի է, բայց այն ժամանակ այդպես չէր․ իմիջի ու կարգավիճակի հարց էր, օրինակ, որ Թորամանյանն իր կողքին ունենար վարպետ լուսանկարիչ, որը տարբեր դիտանկյուններից կֆիքսեր քանդակներն ու արձանագրությունները, որոնք հետո կցվում էին գրավոր տեքստերին:
Նույնը վերաբերում է ֆոտոլրագրությանը: Մոնումենտալ հուշարձանների կառուցումը կամ, օրինակ, Լենինի արձանի ապամոնտաժումը արխիվացվել են այնպիսի վարպետների կողմից, ինչպիսիք են Ռուբեն Մանգասարյանը, Գագիկ Հարությունյանը և ուրիշներ:
- Շատերի համար զարմանալի կլինի, որ Մատենադարանը, որն ասոցացվում է հնատիպ գրքերի ու ձեռագրերի հետ, ունի նաև լուսանկարչական արխիվ:
- Այո՛, մենք ունենք հսկայական ժառանգություն՝ ոչ միայն լուսանկարների, այլև ապակե նեգատիվների: Վերջերս մի քանի հոդվածներ հրապարակեցի հենց այս նեգատիվների մասին: Դրանց բովանդակությունը սերտորեն կապված է Հայոց ցեղասպանության պատմության հետ: Նեգատիվներում պատկերված են հայ գաղթականներ, որոնք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարի բակում լուսանկարվել են իրենց ազգային տարազներով: Լուսանկարները թվագրվում են մոտավորապես 1912-1918 թթ․, միգուցե նաև 1912-1915 թթ., որովհետև ուսումնասիրության արդյունքում գալիս ենք այն եզրահանգման, որ հնարավոր է՝ այդ գաղթականները նախքան 1915 թվականն են եկել Արևմտյան Հայաստանից: Սա բացառիկ աղբյուր է Վասպուրականի, Մուշի և այլ շրջանների կանանց, տղամարդկանց ու երեխաների հագուստներն ու ազգագրությունը ուսումնասիրելու համար:
- Հնարավո՞ր է այդ ապակե նեգատիվներից պատկեր ստանալ այսօր:
- Այո՛, մենք հենց այդպես էլ արեցինք: Ցավոք, դրանց թվայնացման հատուկ սարքերը Հայաստանում շատ սահմանափակ են: Հայաստանի պատմության թանգարանի տնօրինության օգնությամբ մենք թվայնացրինք այդ նեգատիվներից: Այժմ դրանց մի մասը ցուցադրվում է Մատենադարանում՝ կողք կողքի դրված են նեգատիվն ու թվայնացված լուսանկարը:
Հետաքրքիր է, որ ժամանակին այնպիսի մեծանուն գեղանկարիչներ, ինչպիսիք են Վարդգես Սուրենյանցը և Արշակ Ֆեթվաճյանը, այս լուսանկարներն օգտագործել են որպես հիմք իրենց գեղանկարչական կտավներն ստեղծելիս: Քանի որ 20-րդ դարի սկզբին լուսանկարները սև ու սպիտակ էին, նրանք դրանք վերածել են գունավոր գործերի՝ վավերացնելով մեր ինքնությունը: Մեր ցուցադրության շրջանակում Ազգային պատկերասրահից և Սարդարապատի թանգարանից ի պահ ենք վերցրել Սուրենյանցի ու Ֆեթվաճյանի այն գործերը, որոնք ստեղծվել են հենց Մատենադարանի այս ապակե նեգատիվների և լուսանկարների հիման վրա 20-րդ դարի սկզբին:
- 20-րդ դարում կարողացե՞լ են պարզել՝ լուսանկարը բնօրինա՞կ է, թե՞ կեղծված: Հին լուսանկարների կեղծումը տարածվա՞ծ է մեր օրերում:
- Թեև Հայաստանում լուսանկարների հետ աշխատող արվեստաբան-վերականգնողները շատ քիչ էին, բայց մեթոդներ կային: Մեր դարաշրջանում հին լուսանկարներ կեղծելն ու վաճառելը լավ բիզնես է, ինչպես կտավների դեպքում: Եթե լուսանկարի վրա կա, օրինակ, Անտուան Սևրուգինի, Աբդուլահհյան եղբայրների կամ ռուս հայտնի լուսանկարիչ Դմիտրի Երմակովի ստորագրությունը, դրանք միջազգային աճուրդներում շատ բարձր գներով են վաճառվում: Կեղծողները նորից տպում են և քիմիական հատուկ մեթոդներով հնացնում թուղթը, սակայն փորձառու մասնագետը կարող է տարբերել բնօրինակը, քանի որ 19-րդ և 20-րդ դարերում օգտագործվել են յուրահատուկ լուսանկարչական թղթեր և պատրաստման եղանակներ:
- Հաշվի առնելով այս ամենը՝ արդյո՞ք անհրաժեշտ չէ ունենալ լուսանկարչության առանձին թանգարան, որտեղ, օրինակ, առանձին սրահներում կներկայացվեն տարբեր ժամանակաշրջանների վավերագրությունները:
- Դա օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Եթե մենք ունենանք լուսանկարչության թանգարան և դրան կից վերականգնման կենտրոն, դա հսկայական քայլ կլինի գիտնականների համար, որոնք ուսումնասիրում են Կովկասն ու տարածաշրջանը: Ինձ գրեթե ամեն օր դիմում են գիտնականներ՝ խնդրելով այս կամ այն հուշարձանի հին նկարը կամ Մուշի տարազով լուսանկար: Մասնավոր հավաքածուներում հսկայական վտանգված նյութ կա: Մարդիկ ինձ հաճախ տուն են հրավիրում՝ նայելու հին լուսանկարներ. ես տեսնում եմ, թե ինչպես են դրանք տան պայմաններում՝ արհեստական կտորների կամ սխալ տուփերի մեջ քայքայվում քիմիական ռեակցիաների պատճառով, և միշտ հորդորում եմ, որ գոնե հանձնեն պետությանը՝ ի պահ, որպեսզի դրանք վերականգնվեն: