ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տեսական սեմինարների շրջանակում Հնագիտության և ազգագրության ամբիոնի ասպիրանտ Արտյոմ Անանյանը ներկայացրեց «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի կիրառումը պատմագիտական հետազոտություններում. թեմատիկ քարտեզների ստեղծում, պատմական քարտեզների թվայնացում» թեմայով զեկուցում, որը նվիրված էր պատմագիտական հետազոտություններում ժամանակակից թվային գործիքների կիրառման հնարավորությունների և դրանց կրթական նշանակության ներկայացմանը։
Ա․ Անանյանն անդրադարձավ պատմության դասավանդման ավանդական մեթոդաբանությանը, որը տասնամյակներ շարունակ ձևավորել է ուսանողների վերլուծական միտքը՝ հիմնվելով տեքստային աղբյուրների և ստատիկ քարտեզների վրա։ Միաժամանակ նա շեշտեց, որ ժամանակակից կրթական զարգացումները պահանջում են այդ գործիքակազմի համալրում նոր տեխնոլոգիական լուծումներով։
Այս համատեքստում բանախոսը ներկայացրեց աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (GIS), որոնք դիտարկվում են որպես պատմության դասավանդման մեթոդների էվոլյուցիոն փուլ։ GIS տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս պատմական իրադարձությունները ներկայացնելու դինամիկ միջավայրում՝ օգնելով ուսանողներին պատասխանել ոչ միայն «ի՞նչ» և «ե՞րբ», այլև «ինչո՞ւ հենց այդտեղ» հարցերին։
GIS-ը հիմնվում է ավանդական քարտեզագրության սկզբունքների վրա, սակայն այն հարստացնում է թվային շերտավորման հնարավորությամբ։ Այս տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է մեկ հարթակում համադրել տարբեր տվյալներ՝ տեղանքի ռելիեֆը, հնագիտական հուշարձանները, պատմական բնակավայրերը (ճակատամարտերի վայրեր, հին ճանապարհներ և տարբեր ժամանակաշրջանների սահմաններ)։ Նման համադրումը նպաստում է պատմական գործընթացների ավելի խորքային ընկալմանը։
Զեկուցման մեջ առանձնահատուկ շեշտադրվեց նաև տարածական մտածողության զարգացման կարևորությունը։ GIS-ի կիրառումը հնարավորություն է ընձեռում ուսանողներին վերլուծելու աշխարհագրական միջավայրի ազդեցությունը պատմության վրա և ինքնուրույն եզրակացություններ անելու, օրինակ, բնակավայրերի ռազմավարական կամ տնտեսական նշանակության վերաբերյալ՝ հիմնվելով ռելիեֆի կամ տարածքային առանձնահատկությունների վրա։
GIS տեխնոլոգիաների կիրառումը չի ենթադրում բարդ մասնագիտական հմտությունների պարտադիր առկայություն։ Ա․ Անանյանը նշեց, որ ժամանակակից գործիքները, ինչպիսիք են «Google Earth Pro»-ն և «ArcGIS Story Maps»-ը, հնարավորություն են տալիս դասավանդողներին պատմական նյութը ներկայացնելու վիզուալ և ինտերակտիվ ձևով՝ խթանելով ուսանողների ներգրավվածությունն ու հետազոտական մտածողությունը։
Զեկուցման ավարտին ընդգծվեց, որ GIS-ի աստիճանական ներդրումը պատմության դասավանդման մեջ ոչ միայն հարստացնում է մեթոդաբանական մոտեցումները, այլև ձևավորում է միջառարկայական կապեր և զարգացնում քննադատական մտածողությունը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս պատմությունը դիտարկելու որպես դինամիկ համակարգ, որտեղ տարածությունն ու ժամանակը գտնվում են սերտ փոխկապակցվածության մեջ։
Ասպիրանտների թեմատիկ զեկույցները կարևոր են թե՛ ուսանողների, թե՛ ասպիրանտների համար․ դրանք նպաստում են գիտական մտածողության զարգացմանը, հետազոտական հմտությունների ձևավորմանը և կրթական միջավայրում ակտիվ հաղորդակցությանը։