ԵՊՀ գիտական արդյունքների ամփոփիչ սեմինարի շրջանակում ս.թ. մարտի 25-ին Պատմության ֆակուլտետում կայացավ «Աշխատանքը արխիվային նյութերի հետ» թեմայով սեմինար։ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ. Հայկազ Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025»-ի շրջանակում կատարվող հետազոտության արդյունքները։
Սեմինարի շրջանակում քննարկվեցին արխիվային նյութերի հետ աշխատանքի տեսական և գործնական մի շարք կարևոր հարցեր, որոնք առնչվում են ինչպես պատմագիտական հետազոտությանը, այնպես էլ կրթական գործընթացին։
Հ․ Հովհաննիսյանը նշեց, որ արխիվային նյութերի հավաքագրումը և ուսումնասիրությունը պատմագիտական աշխատանքի առանցքային բաղադրիչներից են։ Արխիվը գիտելիքի այն կարևոր շտեմարանն է, որը հնարավորություն է տալիս վերականգնելու, համակարգելու և վերլուծելու պատմական անցյալը։ Արխիվային փաստաթղթերը հանդես են գալիս որպես սկզբնաղբյուրներ՝ ապահովելով գիտական հետազոտության փաստական հիմքը։
Ըստ բանախոսի՝ արխիվային նյութերը իրենց բնույթով և ծագմամբ բազմազան են։ Դրանք կարող են ներառել պաշտոնական փաստաթղթեր, նամակներ, վիճակագրական տվյալներ, վերլուծական նյութեր, հուշագրություններ, ինչպես նաև տարբեր բնույթի գրառումներ, որոնք միասին հնարավորություն են տալիս ձևավորելու ուսումնասիրվող ժամանակաշրջանի ամբողջական պատկերը։
Սեմինարի ընթացքում առանձնահատուկ անդրադարձ կատարվեց արխիվային աղբյուրների դասակարգմանը և դրանց կիրառման առանձնահատկություններին։ Նշվեց, որ տարբեր աղբյուրների համադրական ուսումնասիրությունը կարևոր նախապայման է պատմական իրադարձությունների բազմակողմանի ընկալման համար։ Այդ առումով կարևորվեց ինչպես գրավոր, այնպես էլ այլ տեսակի նյութերի ներգրավումը գիտական շրջանառության մեջ։
ԵՊՀ պրոֆեսորը կարևորեց նաև աղբյուրների քննադատական վերլուծությունը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է դիտարկվի իր ստեղծման պատմական, քաղաքական և սոցիալական համատեքստում։ Ըստ նրա՝ աղբյուրի հեղինակությունը, նպատակադրումը և ստեղծման պայմանները էական նշանակություն ունեն տվյալ նյութի գիտական արժևորման և ճիշտ մեկնաբանության համար։
Արխիվային նյութերի հետ աշխատանքը պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև մեթոդաբանական հստակ մոտեցումներ։ Արխիվային հետազոտությունը ներառում է նյութերի որոնում, ընտրություն, դասակարգում, համադրություն և վերլուծություն, որոնք միասին ապահովում են գիտական ուսումնասիրության ամբողջականությունն ու հավաստիությունը։
Հ․ Հովհաննիսյանը շեշտեց, որ տարբեր աղբյուրների համադրումը հնարավորություն է ընձեռում բացահայտելու նոր փաստեր, վերանայելու առկա գնահատականները և առաջադրելու նոր գիտական խնդիրներ։ Այդ գործընթացը կարևոր նշանակություն ունի ինչպես պատմագիտության զարգացման, այնպես էլ կրթական գործընթացի հարստացման տեսանկյունից։
Սեմինարը նպաստեց ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ ձևավորելով արխիվային աղբյուրների հետ աշխատանքի հմտություններ և քննադատական վերլուծության կարողություն։