ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տեսական սեմինարների շրջանակում Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի հայցորդ Արմեն Մելքումյանը հանդես եկավ «Թուրքական ազգային-կրոնական քաղաքականությունը և պատրիարքարանի դերակատարությունը 1950–1960 թթ.» թեմայով զեկուցմամբ՝ ներկայացնելով Թուրքիայի աշխարհիկության մոդելը՝ որպես կրոնական ինստիտուտների պետական վերահսկողության համակարգ, ինչպես նաև ոչ մուսուլման համայնքների նկատմամբ կիրառվող «կառավարվող ինքնավարության» քաղաքականությունը։
Թուրքական աշխարհիկության մոդելը հիմնված է ոչ թե կրոնի և պետության տարանջատման, այլ կրոնական ինստիտուտների պետական վերահսկողության վրա։ Աթաթուրքի բարեփոխումների արդյունքում ստեղծված Դիանեթը ապահովում էր մահմեդական կրոնական կյանքի կենտրոնացված կառավարումը։ Ա. Մելքոնյանը նշեց, որ ոչ մուսուլման փոքրամասնությունները, թեև Լոզանի պայմանագրով (1923 թ.) ունեին ձևական իրավական երաշխիքներ, գործնականում գտնվում էին «կառավարվող ինքնավարության» մոդելի շրջանակներում՝ ենթարկվելով մշտական վարչական վերահսկողության։
Ըստ բանախոսի՝ Դեմոկրատական կուսակցության իշխանության գալը բերեց հարաբերական կրոնական ազատականացում՝ արաբերեն «ազանի» վերականգնում, կրոնական դասընթացների ներդրում, ռադիոյով կրոնական հաղորդումներ։ Սակայն, նրա խոսքով, 1950-ական թթ. այդ փոփոխությունները բացառապես վերաբերում էին իսլամին։ Հայցորդը հավելեց, որ ոչ մուսուլման համայնքները, այդ թվում՝ հայ, հույն և հրեական, շարունակեցին մնալ ճնշման և վերահսկողության ներքո, ինչի ծայրահեղ արտահայտությունը դարձան 1955 թ. Ստամբուլի ջարդերը։
Անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքարանի գործունեությանը՝ բանախոսը նշեց, որ այն (Գարեգին Խաչատուրյան, 1951–1961, Շնորհք Գալուստյան՝ 1961-ից) գործել է «զգուշավոր ադապտացիայի» ռազմավարությամբ՝ ուղղված համայնքային կառույցների նվազագույն պահպանմանը։ Նա ընդգծեց, որ պատրիարքի ընտրությունն անգամ պահանջում էր թուրքական իշխանությունների հաստատումը, վաքըֆները ենթակա էին պետական վերահսկողության, իսկ 1955 թ. ջարդերից հետո արտագաղթի ալիքը խորացրեց ժողովրդագրական անկումն ու ինստիտուցիոնալ թուլացումը։
Եզրափակելով՝ հայցորդը նշեց, որ պատրիարքարանը չի գործել որպես քաղաքական ազդեցություն ունեցող կառույց, այլ եղել է պետական վերահսկողության պայմաններում գործող ինստիտուտ, որի հիմնական նպատակը համայնքային կյանքի շարունակականության ապահովումն էր՝ սահմանափակ ինքնավարությամբ։
Սեմինարը նպաստեց թեմայի շուրջ գիտական քննարկմանը և ուսանողների վերլուծական և քննադատական հմտությունների զարգացմանը։