ԵՊՀ գիտական արդյունքների ամփոփիչ սեմինարի շրջանակում ս.թ. ապրիլի 29-ին Պատմության ֆակուլտետում կայացավ ««Դասակարգի» գաղափարը և սոցիալական պրեստիժի սանդղակի ձևավորման մեխանիզմներն ու պրակտիկաները խորհրդահայ արդյունաբերական քաղաքներում» թեմայով սեմինար։ Մշակութաբանության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Յուլիա Անտոնյանը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» ծրագրի շրջանակում կատարվող հետազոտության արդյունքները։
Հետազոտությունը բացահայտում է խորհրդահայ փոքր արդյունաբերական քաղաքների սոցիալական ինքնությունների տեսակներն ու ձևավորված մոդելները, ինչպես նաև պրեստիժի սանդղակի ձևավորման մեխանիզմներն ու պրակտիկաները։ Յուլիա Անտոնյանն ընդգծեց, որ այդ մոդելների շրջանակում միահյուսվում էին տարբեր՝ ֆորմալ և ոչ ֆորմալ համակարգեր, մեխանիզմներ ու սոցիալական պրակտիկաներ։
Հետազոտողը նշեց, որ սոցիալիստական ինքնության ձևավորումը ընթանում էր խորհրդային իշխանությունների սահմանած սոցիալական սանդղակի շրջանակում, որի հիմնական միավորը «դասակարգն» էր։ Անդրադառնալով հասկացության ծագմանը՝ նա հիշեցրեց, որ այն ձևավորվել է 19-րդ դարի եվրոպական տնտեսական և սոցիալական փիլիսոփայության ու վաղ սոցիոլոգիայի շրջանակում և Կարլ Մարքսի տեսության հիմնարար կոնցեպտներից մեկն է։ Միաժամանակ ընդգծվեց, որ 20-րդ դարի եվրոպական սոցիոլոգիան բազմակարծիք մոտեցում է ցուցաբերել «դասակարգ» հասկացության նկատմամբ, մինչդեռ խորհրդային գաղափարախոսության շրջանակում այն վերաձևակերպվել է որպես սոցիալական ինժեներական նախագծի կենտրոնական գործիք՝ զերծ սահմանումների շուրջ բանավեճերից։
Յուլիա Անտոնյանն ասաց, որ սոցիալական կառուցվածքը թույլ է տալիս վերակազմել պրեստիժային բուրգ, որի վերին հատվածում մտավորականությունն էր՝ իր ներքին շերտավորմամբ, միջինում՝ բանվորական դասակարգը, իսկ ստորին հատվածում՝ գյուղացիական խումբը, որը մշտական փոխակերպման մեջ էր և ծառայում էր որպես այլ խմբերի համալրման ռեսուրս։
Զեկուցողն ընդգծեց, որ բանվորական դասակարգին պատկանելն ապահովում էր մի շարք արտոնություններ՝ կրթության, աշխատանքի, սոցիալական ապահովության և կառավարման համակարգում ներգրավվելու հնարավորությունների տեսանկյունից։ Սոցիալական իրականության մեջ, սակայն, նկատվում էր հակառակ միտում․ բանվորների և գյուղացիների զգալի մասը ձգտում էր բարձր կրթության և մտավորականի կարգավիճակի, նույնիսկ եթե դա ենթադրում էր նյութական որոշ առավելությունների նվազում։ Այս հանգամանքը, ըստ բանախոսի, խորհրդային համակարգի կարևոր պարադոքսներից մեկն է։
Հետազոտողը պարզաբանեց, որ այդ հակասությունը հնարավոր է հասկանալ միայն սոցիալական ու մշակութային դաշտում միաժամանակ գործող զուգահեռ համակարգերի դիտարկման միջոցով։
Հաշվետու սեմինարների շրջանակում ներկայացվող զեկուցումները հնարավորություն են տալիս ծանոթանալու ժամանակակից գիտական հետազոտություններին, մասնակցելու մասնագիտական քննարկումներին և ընդլայնելու գիտական պատկերացումները։