- Main
- Node
- ԵՊՀ պատվիրակությունը Թբիլիսիի «Կովկաս» համալսարանում մասնակցեց «PROVE» միջազգային կրթական ծրագրին
May 22, 2026 | 15:40
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ պատվիրակությունը Թբիլիսիի «Կովկաս» համալսարանում մասնակցեց «PROVE» միջազգային կրթական ծրագրին
Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը պաշտոնական հրավերով մեկնել էր Վրաստան՝ մասնակցելու Թբիլիսիի «Կովկաս» համալսարանում կայացած միջազգային ուսանողական աշխատաժողովին։ Այցը կայացել է «Էրազմուս+» ծրագրի «Արժեքային կրթության խթանումը Հարավային Կովկասի բարձրագույն ուսումնական հաստատություններում» («PROVE») նախագծի շրջանակում։ Դասընթացների հիմնական նպատակն էր Հայաստանի և Վրաստանի տարբեր բուհերի ուսանողների համար ապահովել արժեքային կրթությանն ուղղված կառուցվածքային վերապատրաստում։
Ծրագրի արդյունավետությունն ապահովելու և ուսանողների ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով այցին խիստ ընտրությամբ ներգրավվել էին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների, ինչպես նաև Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի բակալավրիատի երկրորդ կուրսի հինգ ուսանողներ։ Պատվիրակությանը ուղեկցում էին ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի ասիստենտ Սերոբ Խաչատրյանը և մանկավարժության ամբիոնի դոցենտ Լուսինե Հայրապետյանը։ Նրանց խոսքով՝ եռօրյա հագեցած աշխատաժողովը ներառում էր ինչպես տեսական ու գործնական պարապմունքներ, այնպես էլ գործնական բաղադրիչներ, որոնք զարգացնում էին սովորողների քննադատական մտածողությունը, շատ հետաքրքիր էին դարձնում ուսանողների համար նախատեսված աշխատաժողովը։
Մասնակիցները աշխատաժողովի ընթացքում ծանոթացան համայնքային ու բուհական միջավայրերում արմատական փոփոխություններ կատարելու մեթոդաբանությանը։ ԵԼՀ ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Սյուզաննա Ավագյանը, ընդգծելով ծրագրի արդյունավետությունը, ասաց․ «Մենք մանրամասնորեն ծանոթացանք համայնքներում ու բուհերում դրական փոփոխություններ կատարելու ձևերին ու գործիքակազմին»։
Ուսանողներն ուսումնասիրեցին «VAKE» և «Service-Learning» կրթական մեթոդաբանությունները, որոնք հնարավորություն են տալիս առավել խորությամբ ընկալելու կրթության դերը հասարակության զարգացման գործում։
«Այս մեթոդաբանությունները օգնեցին զարգացնելու քննադատական մտածողությունը, համագործակցային հմտությունները և պատասխանատվության զգացումը։ Արդյունքում փոխվեցին իմ պատկերացումները սոցիալական խնդիրների ու դրանց արդյունավետ լուծման ուղիների վերաբերյալ»,- նշեց ԵՊՀ ուսանող Արինա Մելքոնյանը։
Եռօրյա աշխատաժողովի գործնական պարապմունքները միտված էին ուսանողների համագործակցային և թիմային հմտությունների կատարելագործմանը։ Մասնակիցները ներգրավվում էին տարբեր խմբերում՝ իրականացնելով համագործակցային նախագծեր, քննարկում էին արժեքային տարաբնույթ դիլեմաներ և համայնքային մարտահրավերներ։ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատի ուսանող Ինեսի բնորոշմամբ՝ սա լավ հնարավորություն էր քննադատական, վերլուծական մտածողությունը զարգացնելու համար։
«Խմբային քննարկումների ընթացքում մենք լսում էինք տարբեր կարծիքներ ու միասին փորձում գտնել լուծումներ, ինչն օգնեց մեզ ավելի ազատ ու վստահ արտահայտվելու»,- նշեց ուսանողը։
Աշխատաժողովի ավարտին թիմերը մշակեցին սեփական նախագծերը և ստացան մասնագիտական արժեքավոր խորհրդատվություն միջազգային փորձագետներ Սիգլինդե Վեյրինգերի («AVaKE» ծրագրի գլխավոր կոորդինատոր) և Թամար Մոսիաշվիլիի (ծրագրի փորձագետ) կողմից։
Ուսանող Միլենա Հարությունյանի համար սա միջազգային միջավայրում առաջին լայնածավալ փորձն էր։
«Հանդիպումն ինձ ավելի վստահ դարձրեց և օգնեց հասկանալու երիտասարդների ակտիվ մասնակցության կարևորությունը համայնքային խնդիրների լուծման գործում։ Հատկապես տպավորիչ ու ոգեշնչող էր մասնագիտական խորհրդատվությունը»,- մատնանշեց նա։
Մասնակիցներից ՄԿԶ կենտրոնում գործող «Սոցիալական մանկավարժություն» բակալավրիատի կրթական ծրագրի ուսանող Աննա Սարգսյանն ընդգծեց. «Այս ծրագիրը մեծապես նպաստեց իմ ինքնաճանաչմանը, անձնական ու մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ հնարավորություն տալով սոցիալական խնդիրներին մոտենալու ավելի լայն ու խորքային տեսանկյունից»։
Այսպիսով, իրականացված ծրագիրը ոչ միայն նպաստեց ուսանողների առաջնորդական ու մասնագիտական հմտությունների ձևավորմանը, այլև հերթական կարևոր քայլն էր ԵՊՀ միջազգայնացման և տարածաշրջանային կրթական հաստատությունների հետ կապերի ամրապնդման ճանապարհին։