- Main
- Node
- «Միջազգային փորձը հսկայական դեր խաղաց այս մեծ հաջողությանը հասնելու գործում». ԵՊՀ ուսանողը կրթությունը կշարունակի աշխարհի լավագույն բուհերից մեկում
June 18, 2026 | 14:45
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
«Միջազգային փորձը հսկայական դեր խաղաց այս մեծ հաջողությանը հասնելու գործում». ԵՊՀ ուսանողը կրթությունը կշարունակի աշխարհի լավագույն բուհերից մեկում
ԵՊՀ-ն շարունակում է ընդլայնել իր ուսանողների կրթական հնարավորություններն արտերկրում։ Դրա վառ վկայությունն են ԵՊՀ ուսանողների մեծ հաջողությունները միջազգային ասպարեզում։ Այս անգամվա մեր զրուցակից Օֆելյա Մկրտչյանը, որը Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող է, «Էրազմուս+» ծրագրով Գերմանիայում ուսանելուց հետո պատրաստվում է իր մագիստրոսական կրթությունը շարունակել Չինաստանում՝ աշխարհի լավագույն բուհերից մեկում։
- Օֆելյա՛, որպես ԵՊՀ ուսանող՝ Ձեզ հնարավորություն է ընձեռվել մասնակցելու փոխանակման ծրագրի։ Ո՞ր բուհում եք սովորել և ի՞նչ ուղղվածությամբ։
- «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել եմ Աալենի համալսարանում (Գերմանիա): Այնտեղ հիմնականում ուսումնասիրել եմ տվյալագիտության, ծրագրավորման և մաթեմատիկական ուղղվածությամբ առարկաներ։ Այդ փորձն ինձ հնարավորություն է տվել ոչ միայն ձեռք բերելու նոր գիտելիքներ, այլև հենց տեղում ծանոթանալու գերմանական հայտնի կրթական համակարգին ու զարգանալու միջազգային միջավայրում։
- Իսկ կոնկրետ ի՞նչ մասնագիտական նոր հմտություններ եք ձեռք բերել և ի՞նչ ձևաչափի միջոցառումների եք մասնակցել։
- Ուսումնասիրված առարկաների շնորհիվ զգալիորեն խորացրել եմ գիտելիքներս տվյալագիտության, մեքենայական ուսուցման և ծրագրավորման ոլորտներում։ Մասնավորապես ուսումնասիրել եմ նեյրոնային ցանցեր և տվյալների վերլուծության ժամանակակից մեթոդներ։ Բացի տեսական դասերից՝ ակտիվորեն մասնակցել եմ թիմային նախագծերի, ակադեմիական միջոցառումների և միջազգային ուսանողական հանդիպումների, ինչն է՛լ ավելի նպաստեց իմ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական աճին։
- Արդեն իսկ պաշտպանել եք Ձեր ավարտական աշխատանքը «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մասնագիտությամբ։ Կխնդրեի մանրամասնել՝ ո՞րն է Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակը։
- Այո՛, վերջերս հաջողությամբ պաշտպանել եմ իմ ավարտական աշխատանքը։ Այն վերաբերում էր ֆինանսական մաթեմատիկայի մոդելներում խոչընդոտի խնդրի կիրառմանը։ Իմ հետաքրքրությունների առանցքում են տվյալագիտությունը, մեքենայական ուսուցումն ու մաթեմատիկական մոդելավորումը։ Ինձ միշտ գրավել է այն գաղափարը, թե ինչպես կարելի է մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկների և տեխնոլոգիական մեթոդների սինթեզով լուծել իրական կիրառական խնդիրներ։
- Ըստ Ձեզ՝ ո՞րն է արտերկրում սովորելու Ձեր հաջողության գաղտնիքը՝ բարձր առաջադիմությո՞ւնը, թե՞ այլ գործոն(ներ)։
- Կարծում եմ՝ երկուսի համադրությունը։ Մի կողմից, անշուշտ, բարձր առաջադիմությունս էր, մյուս կողմից՝ նոր գիտելիքներ ու միջազգային փորձ ձեռք բերելու մեծ ձգտումը։ Ես միշտ ցանկացել եմ ինձ փորձել բազմամշակութային միջավայրում և բացահայտել համաշխարհային կրթության նոր հնարավորությունները։
- Եթե համեմատենք Երևանի պետական և Աալենի համալսարանների կրթական միջավայրերը, ի՞նչ ակնառու տարբերություններ կնշեք։ Ի՞նչ փոփոխություններ կցանկանայիք տեսնել մայր բուհում։
- Երկու համալսարաններն էլ ունեն իրենց առավելությունները։ Օրինակ՝ Գերմանիայում շեշտադրված էր գործնական աշխատանքների, թիմային նախագծերի և դասերին ուսանողների ակտիվ, անմիջական մասնակցությունը։ Բացի դրանից՝ ուսումնական գրաֆիկն այնտեղ ավելի թեթև էր. ներկայությունը պարտադիր չէր, և չկային միջանկյալ քննություններ․ ունեինք միայն մեկ վերջնական քննություն, որին կարող էինք պատրաստվել նաև տանը նստած:
Կուզենայի, որ ԵՊՀ-ում ևս շեշտադրվի գործնական նախագծերի իրականացումը։
- Իսկ դասախոս-ուսանող հարաբերություններում տարբերություն զգացվե՞լ է։
- Գերմանիայում դասախոսները մեծապես խրախուսում են բաց և ազատ շփումը։ Նրանց համար առաջնային է, որ ուսանողը հարցեր տա, ներգրավվի քննարկումներում և դրսևորի ինքնուրույն մտածողություն։ ԵՊՀ-ում մենք ևս ունենք բարձրակարգ և աջակցող դասախոսներ, բայց արտերկրում ավելի ակնհայտ էր հենց գործնական մոտեցումը, ինչը ստեղծում է առավել ինտերակտիվ մթնոլորտ։
- Բազմամշակութային միջավայրն իր հետ բերում է նոր շփումներ։ Ի՞նչ ազգերի ներկայացուցիչների հետ եք ընկերացել, արդյո՞ք հաջողվել է նրանց ծանոթացնել հայկական մշակույթին։
- Շփվել եմ ամենատարբեր ազգերի՝ գերմանացիների, իտալացիների, իսպանացիների և այլ երկրների ուսանողների հետ։ Նման միջավայրի մեծագույն առավելությունն այն է, որ ընդլայնվում է աշխարհայացքդ, սովորում ես հարգել այլ մշակույթներ ու ճկուն համագործակցել։ Իհարկե, լեզվական ու մշակութային տարբերությունները երբեմն փոքրիկ դժվարություններ էին ստեղծում, բայց դա նույնպես արժեքավոր դաս էր։
Ինչ վերաբերում է հայկական մշակույթին, այո՛, առիթը բաց չեմ թողել և մեծագույն հպարտությամբ ու հաճույքով օտարերկրացի ընկերներիս ներկայացրել եմ մեր պատմությունը, մշակույթն ու ավանդույթները։
- Գիտենք նաև, որ ուսմանը զուգահեռ հասցրել եք շատ ճամփորդել։ Ո՞ր քաղաքներն ու երկրներն եք բացահայտել։
- Այո՛, մենք ունեինք հատուկ տոմսեր, որոնցով հնարավորություն ունեինք անսահմանափակ օգտվելու գնացքներից և ավտոբուսներից։ Եղել եմ Գերմանիայի տարբեր քաղաքներում՝ Շտուտգարտ, Մյունխեն, Ֆրանկֆուրտ, Հայդելբերգ։ Նաև հասցրել եմ լինել Ֆրանսիայում (Ստրասբուրգ), Չեխիայում (Պրահա), Իտալիայում (Վենեցիա, Միլան) և Հունաստանում։ Երբեմն ճամփորդում էի ընկերների հետ, երբեմն էլ՝ միայնակ:
- Որտե՞ղ եք կիրառելու ձեռք բերած փորձն ու գիտելիքները, և ի՞նչ նոր բարձունքներ եք նախանշել ապագայի համար։
- Ստացածս գիտելիքները ցանկանում եմ կիրառել տվյալագիտության և մեքենայական ուսուցման ոլորտներում՝ աշխատելով տեխնոլոգիական առաջատար ընկերություններում։
Իսկ ամենամոտ ու կարևոր նպատակս արդեն իրականություն է. այս տարվա սեպտեմբերից ուսումս շարունակելու եմ աշխարհի ամենահեղինակավոր բուհերից մեկում՝ Չինաստանի Ցինխուայի համալսարանում (Tsinghua University)՝ նույն մասնագիտությամբ մագիստրատուրայում։ «Էրազմուս+»-ի շրջանակում ձեռք բերած միջազգային փորձն ու վստահությունը հսկայական դեր են խաղացել այս մեծ հաջողությանը հասնելու գործում։