- Main
- Node
- «Կարևոր է հասկանալ մեր երկրի և տնտեսության այն առանձնահատկությունները, որոնք հետաքրքիր են աշխարհին». ԵՊՀ դասախոս Արշալույս Հարությունյան
July 28, 2026 | 10:00
Կարիերա
Կրթություն
Հասարակություն
«Կարևոր է հասկանալ մեր երկրի և տնտեսության այն առանձնահատկությունները, որոնք հետաքրքիր են աշխարհին». ԵՊՀ դասախոս Արշալույս Հարությունյան
Հայաստանի տնտեսության առջև ծառացած ներկա մարտահրավերների, արտաքին ցնցումների հանդեպ դիմակայունության բարձրացման, կրթական համակարգում արհեստական բանականության դերի մասին հարցերի շուրջ զրույցը ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Արշալույս Հարությունյանի հետ ծավալվեց նաև բնագիտության սահմաններից անդին: Մաթեմատիկան նրա համար մտածելու ձև է։ Սակայն խոստովանում է, որ եթե այլ ոլորտ ընտրելու լինի, դա գրականությունն է։ Ազատ ժամանակ սիրում է ստեղծագործել, գրում է արձակ գործեր:
ԵՊՀ ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի դասախոս, ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը վերջերս նաև ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Հետաքրքրող հարցերին պատասխանելով՝ մասնագետը նաև ուղենշում է առկա խնդիրների լուծումներ՝ ըստ իր տեսակետի ու պատկերացումների:
- Պարո՛ն Հարությունյան, Դուք, ԵՊՀ-ում դասավանդելուն զուգահեռ, նաև ղեկավարում եք ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչությունը: Որո՞նք եք համարում այսօր Հայաստանի տնտեսության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերները, ի՞նչ մեթոդներով և ուղիներով եք պատկերացնում դրանց լուծումները:
- Ինչպես գիտենք, վերջին տարիներին մենք ունեցել ենք բավական բարձր տնտեսական աճ: Մեր գնահատմամբ՝ նաև բարձրացել է տնտեսության ներուժային աճը, այլ կերպ ասած՝ մեր աճի հնարավորությունները ընդլայնվել են։ Բարելավվել են սոցիալական վիճակը բնութագրող ցուցանիշները: Իհարկե, այս ուղղությամբ միշտ կան բարելավելու տեղ և անհրաժեշտություն, ուստի, իմ կարծիքով, առանցքային մարտահրավերներից են աղքատության, գործազրկության մակարդակների նվազեցումը, անհավասարության մեղմումը, ինչը կնպաստի հասարակության բարեկեցության բարձրացմանը: Սա հնարավոր է իրողություն դարձնել. մի կողմից՝ բարձրացնելով տնտեսության ներուժը և հնարավորությունները, իսկ մյուս կողմից՝ այդ ստեղծված հնարավորությունները առավել ներառական ձևով հասանելի դարձնելով հասարակության տարբեր շերտերին և տնտեսվարողներին։ Մեր ծախսային և հարկային քաղաքականությունները թիրախավորում են այս նպատակները, մշտապես փորձում ենք բարձրացնել կապիտալ ծախսերի դերը՝ նպաստելով մարդկային և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը՝ ծախսային և հարկային քաղաքականության միջոցով նաև փորձելով մեղմել սոցիալական անհավասարությունը և բաշխել ստեղծված ռեսուրսները։ Մյուս կարևոր մարտահրավերը տնտեսության դիմակայունության բարձրացումն է և մի շարք արտաքին գործոններից կախվածության նվազեցումը։ Փոքր և բաց տնտեսության համար արտաքին միջավայրի անորոշությունը մշտական մարտահրավեր է։ Համաշխարհային տնտեսության հատվածավորումը, աշխարհաքաղաքական լարվածությունը, առևտրային և ֆինանսական հոսքերի փոփոխությունները նշանակում են, որ տնտեսական քաղաքականությունը պետք է ոչ միայն արձագանքի արդեն տեղի ունեցած զարգացումներին, այլև կարողանա հնարավորինս վաղ բացահայտել ռիսկերը, հնարավորությունները և նախապես ձևավորել քաղաքականության համապատասխան միջոցառումներ: Իհարկե, արտահանման դիվերսիֆիկացիան, ներդրումային միջավայրի բարելավումը և շատ առանցքային կառուցվածքային բարեփոխումներ մշտապես քաղաքականություն մշակողների ուշադրության կենտրոնում են, բայց ես կարծում եմ, որ, այս ամենին զուգահեռ, կարևորագույն քայլ է հասկանալ մեր երկրի, տնտեսության այն առանձնահատկությունները, որոնք հետաքրքիր են աշխարհին, և որոնց վրա հենվելով՝ կարող ենք բարձրացնել տնտեսության ներուժն ու դիմակայունությունը: Եվ սա հասկանալով՝ կառուցել մեր տնտեսական ռազմավարությունը:
- Որպես ԵՊՀ դասախոս՝ ինչպե՞ս եք վերաբերվում արհեստական բանականության կիրառմանը ուսանողների կողմից: Դա օգնո՞ւմ, թե՞ խանգարում է մաթեմատիկական մտածողության զարգացմանը:
- Արհեստական բանականությունն արդեն մեր իրականության մասն է: Չօգտագործել այդ հնարավորությունը նշանակում է չապրել ներկա ժամանակում: Պարզապես մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք այն օգտագործում։ Իմ կարծիքով, եթե ուսանողները ԱԲ-ի օգնությամբ փորձում են հասկանալ խնդիրը, ստուգել գաղափարները, գրված կոդերը, արագ սովորել, ապա այն հիանալի գործիք է: Իսկ եթե ուսանողն իր մտածելու գործընթացը պատվիրակում է ԱԲ-ին, ապա սա իսկապես խնդիր է։ ԱԲ-ն լավ հնարավորություն է ստեղծում, որ ուսանողները ավելի շատ ժամանակ ունենան ստեղծագործելու ու երազելու: Այսինքն՝ այն գործողությունները, որոնք մարդուն են բնորոշ, ԱԲ-ի օգնությամբ կարող ենք ավելի շատ ժամանակ տրամադրել դրանց, իսկ մեխանիկական, մտածել չպահանջող գործերը պատվիրակել ԱԲ-ին և գնալ մեր «երազանքի» հետևից։ Աշխարհում հնարավորություններն անսահման են, և շատ բան կա դեռ բացահայտելու։
- Ունե՞ք գիտական համատեղ ծրագրեր արտասահմանյան գործընկերների հետ:
- Չէի բնորոշի որպես խիստ գիտական, սակայն, այո՛, աշխատավայրում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում, ակտիվ համագործակցում ենք արտասահմանյան գործընկերների հետ։ Վերջին տարիներին ակտիվորեն աշխատում ենք Արժույթի միջազգային հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի և միջազգային այլ կազմակերպությունների հետ։ Համագործակցության հիմնական ուղղություններն են մակրոտնտեսական մոդելավորումը, կանխատեսումների և քաղաքականության վերլուծության ժամանակակից գործիքների զարգացումը, կլիմայական ռիսկերի գնահատումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով կարողությունների զարգացումը։
- Ինչպե՞ս եք Ձեր ուսանողներին մոտիվացնում, որպեսզի նրանք տեսական բանաձևերի հետևում տեսնեն երկրի տնտեսական իրականությունը:
- Պարզապես ցույց եմ տալիս այդ տնտեսական իրականությունը, խոսում ընթացիկ տնտեսական մարտահրավերներից և, ամենակարևորը, լսում իրենց դիրքորոշումը։ Դասընթացների քննական բաղադրիչներից մեկը նաև ինքնուրույն աշխատանքն է, որի շրջանակում ուսանողները պետք է վերլուծեն ու ներկայացնեն իրական տնտեսական խնդիրներ, առաջարկեն խնդիրների լուծման մեխանիզմներ։ Բացի դրանից՝ նաև փորձում եմ վիճակագրական թեստերի, մեթոդների, մոդելների կիրառությունները համեմատել իրական կյանքի կենցաղային, մարդկային հարաբերությունների և վարքագծերի հետ, ինչը ուսանողներին օգնում է ավելի լավ հասկանալու և ընկալելու բանաձևերի էությունը։ Ուսանողին մոտիվացնում է այն, ինչ արթնացնում է հիշողություններ, առնչվում է ներկային կամ կարող է վերաբերել իր ապագային, ուստի դասախոսը պետք է ցույց տա կապը ուսանողի կյանքի և դասընթացի միջև։
- ՀՀ նախագահի հրամանագրով վերջերս պարգևատրվել եք Երախտագիտության մեդալով: Ի՞նչ է նշանակում այս պարգևը Ձեզ համար: Ո՞ր նախագծի կամ ձեռքբերման համար եք Ձեզ ամենից շատ երախտապարտ զգում:
- Մեդալը շնորհվել է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արդյունավետ գործունեության և նվիրումի համար, և, իհարկե, դա մեծ պատիվ է։ Սակայն ես այն չեմ ընկալում որպես անձնական գնահատական։ Ինձ համար այն միջավայրի, թիմային աշխատանքի և մշակույթի գնահատականն է, որը ձևավորվել է ֆինանսների նախարարությունում։ Վերջին տարիներին մեծ ուշադրություն ենք դարձրել այնպիսի համակարգի ձևավորմանը, որտեղ որոշումները հիմնվում են վերլուծության, փաստերի, ժամանակակից մոդելների և խոր մասնագիտական քննարկումների վրա։ Այս պարգևն ինձ համար խորհրդանշում է ձևավորված արժեքների նկատմամբ ղեկավարության վստահությունն ու գնահատականը։
- Մաթեմատիկայից դուրս ո՞ր բնագավառում եք Ձեզ տեսնում:
- Ինչպես գիտենք, աշխատանքի բերումով զբաղվում եմ մակրոտնտեսական քաղաքականության մշակմամբ, սակայն քաղաքականության մշակումը մշտապես հենվում է մաթեմատիկական մտածողության և մեթոդների վրա։ Ուստի այստեղ սահմանագիծ դնելը դժվար է։ Մաթեմատիկան ինձ համար մտածելու ձև է։ Բայց եթե պետք է ընտրեմ մի ոլորտ, որը բոլորովին այլ է, ապա դա գրականությունն է։ Ազատ ժամանակ սիրում եմ ստեղծագործել, գրել արձակ, բառերով արտահայտել զգացածս, մտքերս ու աշխարհի նկատմամբ իմ ընկալումները։ Ինձ համար դա յուրահատուկ տարածք է, որտեղ տրամաբանությունն ու զգացմունքը հանդիպում են։