- Main
- Node
- Գիտափորձից մինչև թիմային աշխատանք. «Ֆիզիկան ու մենք» ճամբարը՝ նոր ձևաչափով
August 17, 2026 | 14:11
Կրթություն
Ուսանողական
Գիտափորձից մինչև թիմային աշխատանք. «Ֆիզիկան ու մենք» ճամբարը՝ նոր ձևաչափով
Ինչպե՞ս կարելի է մի քանի օրում դպրոցականներին ու բուհի ուսանողներին ոչ միայն նոր գիտելիքներ փոխանցել, այլև հնարավորություն տալ ինքնուրույն փորձարկելու, վերլուծելու և թիմով աշխատելու։ Այս հարցի շուրջ էր կառուցված Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպության («Optica»)՝ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտին և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին կից ուսանողական մասնաճյուղերի նախաձեռնությամբ կազմակերպված «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարի այս տարվա ծրագիրը։
ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում անցկացված «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրությունը խթանելու, տեսական գիտելիքը գործնական փորձով ամրապնդելու և մասնակիցների հետազոտական ու թիմային աշխատանքի հմտությունները զարգացնելու նպատակ ուներ։
Ճամբարին այս տարի մասնակցել է շուրջ 50 դպրոցական և ուսանող։
2016 թվականին մեկնարկած ճամբարը տարիների ընթացքում ձևավորել է իր ավանդույթները, սակայն այս տարի կազմակերպիչները որոշել էին փոխել ձևաչափը՝ մասնակիցների համար ստեղծելով ավելի համակարգված և գործնական ուսումնական միջավայր։
«Այս տարի երկու հիմնական ձևաչափային փոփոխություն ենք արել։ Նախ՝ առաջին անգամ ներգրավել ենք 11-րդ դասարանի աշակերտների։ Երկրորդ՝ մասնակիցներին բաժանել ենք տարիքային խմբերի․ 11-րդ դասարանցիներն աշխատել են մի խմբում, 12-րդ դասարանցիները՝ առանձին, իսկ առաջին կուրսի ուսանողները՝ առանձին։ Արդյունքից շատ գոհ ենք»,- նշում է ճամբարի կազմակերպիչ, ԵՊՀ շրջանավարտ, «Optica» միջազգային կազմակերպության դեսպան, Բրյուսելի ազատ համալսարանի գիտաշխատող Տաթևիկ Չալյանը։
Այս փոփոխությունը, սակայն, միայն մասնակիցների խմբավորմամբ չի սահմանափակվել։ Նախորդ տարիներին յուրաքանչյուր թիմ հիմնականում աշխատում էր մեկ նախագծի շուրջ, իսկ այս տարի բոլոր մասնակիցներն անցել են ճամբարի ծրագրով նախատեսված փորձերի ամբողջ շարքը։
Տաթևիկ Չալյանի խոսքով՝ մի փորձից մյուսը տեղափոխվելով՝ նրանք աշխատել են տարբեր սեղանների շուրջ, ծանոթացել փորձի նկարագրությանը, նախապես հասկացել՝ ինչ պետք է անեն, ապա գործնականում կատարել փորձը և վերլուծել ստացած արդյունքները։
Այսպիսով, ճամբարի ընթացքում տեսական գիտելիքն անմիջապես հաջորդել է գործնական աշխատանքին։ Մասնակիցները ոչ միայն կատարել են փորձեր, այլև սովորել են արդյունքները ներկայացնել գրաֆիկներով և հասկանալ, թե ինչ են ցույց տալիս ստացված տվյալները։
«Ճամբարի այս տարվա առանձնահատկություններից էր նաև փորձերի կազմակերպման նոր մոտեցումը։ Մասնակիցները նախապես ծանոթանում էին փորձի նկարագրությանը, այնուհետև անցնում գործնական աշխատանքին՝ կատարելով փորձերը և գրաֆիկների միջոցով վերլուծելով ստացած արդյունքները։ Փաստացի, դպրոցականներն ու առաջին կուրսի ուսանողները համալսարանական փոքրիկ ուսումնական ծրագիր էին անցնում»,- պատմում է Տաթևիկ Չալյանը։
Ճամբարի մեկ այլ կարևոր առանձնահատկությունը տարբեր սերունդների ուսանողների համագործակցությունն էր։ Ցածր կուրսերի ուսանողները հանդես էին գալիս որպես ջոկատավարներ՝ օգնելով դպրոցականներին և առաջինկուրսեցիներին, մինչդեռ ավագ ուսանողները ստանձնել էին մարզիչների դերը։
Մարզիչներն ու ջոկատավարները մասնակիցների կողքին էին փորձերի ընթացքում՝ կիսվելով սեփական փորձով, օգնելով կողմնորոշվել և միասին քննարկելով ստացված արդյունքները։
Գիտափորձերից բացի՝ ճամբարի օրակարգում ներառված էին նաև դասախոսություններ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում էին ֆիզիկայի, օպտիկայի և հարակից ոլորտների տարբեր թեմաների։ Միևնույն ժամանակ, կազմակերպիչները կարևորել էին այն, որ ճամբարը չսահմանափակվի միայն լսարանային և լաբորատոր աշխատանքով։
Ծաղկաձորում անցկացված քառօրյա ամառային ճամբարը մասնակիցների համար դարձավ նաև միմյանց ճանաչելու, նոր կապեր ստեղծելու և ազատ միջավայրում շփվելու հնարավորություն։ Խարույկը, խաղերն ու համատեղ ժամանցը լրացնում էին գիտական ծրագիրը։
Ճամբարի ընթացքում մասնակիցները հանդիպել են նաև պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչների հետ, կազմակերպիչները նրանց պատմել են իրենց անցած ճանապարհի մասին՝ փորձելով ցույց տալ, որ մասնագիտական զարգացումը միանգամից պատրաստի գիտելիքներով չի սկսվում։
«Մենք մասնակիցներին ներկայացրել ենք մեր անցած ճանապարհը, որ նրանք ավելի պարզ հասկանան՝ պարտադիր չէ միանգամից ամեն ինչ իմանալ։ Ընթացքում ես սովորում, փորձում, սխալվում ու առաջ գնում»,- ասում է Տաթևիկ Չալյանը։
Այս տեսանկյունից ճամբարը գիտափորձերի շարքից վերածվում է նաև մասնագիտական կողմնորոշման միջավայրի․ դպրոցականները հնարավորություն են ստանում շփվելու այն երիտասարդների հետ, որոնք արդեն անցել են իրենց ընտրած ոլորտում առաջին քայլերը, և տեսնելու, թե ինչպես կարող է հետաքրքրությունը վերածվել մասնագիտական ուղու։
Ճամբարի ավարտին մասնակիցները ներկայացրել են իրենց աշխատանքի արդյունքները, ամփոփել ձեռք բերած գիտելիքներն ու փորձը։ Կազմակերպիչների խոսքով՝ այս տարվա ձևաչափի փորձարկումը առավել հաջողված է եղել։
«Ընդհանուր առմամբ, շատ գոհ ենք արդյունքներից։ Երևի սա վերջին տասը տարիների ամենահաջողված ճամբարն է։ Ամեն տարի ասում ենք՝ սա ամենահաջողն էր, քանի որ հաջորդ տարի ինքներս էլ մեր առաջընթացը տեսնում ենք»,- նշում է Տաթևիկ Չալյանը։
«Ֆիզիկան ու մենք» ճամբարը տարիների ընթացքում շարունակում է միավորել ֆիզիկայով հետաքրքրված դպրոցականներին, ուսանողներին և ոլորտի երիտասարդ մասնագետներին՝ ստեղծելով միջավայր, որտեղ գիտելիքը փոխանցվում է ոչ միայն դասախոսությունների, այլև փորձի, համագործակցության և միասին կատարած աշխատանքի միջոցով։


