«Սորբոնից Երևանի համալսարան» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը ԵՊՀ-ում
Ս.թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի կունենա «Սորբոնից Երևանի համալսարան» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը՝ նվիրված մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին, նրա համալսարանական գործունեությանը, գիտամանկավարժական վաստակին, Երևանի պետական համալսարանի պատմության մեջ ունեցած կարևոր դերակատարությանը:
Միջոցառման ընթացքում առանձին անդրադարձ կարվի Հր. Աճառյանի և Հ. Թումանյանի նամակագրությանը, հայկական համալսարանի ստեղծման վերաբերյալ նրանց մտահոգություններին:
Կներկայացվեն լեզվաբանի գիտամանկավարժական գործունեությունը համալսարանում, դասավանդած առարկաները, գիտական աշխատանքը, գործընկեր դասախոսների և ուսանողների հետ ունեցած հարաբերություններն ու շփումները, ինչպես նաև Հր. Աճառյանի դեմ ուղղված մեղադրանքներն ու ձերբակալությունը:
Գիտնականի կերպարը բացահայտելու համար կներկայացվեն նաև ուսանողների հուշերում և գրառումներում պահպանված զվարճալի պատմություններն ու անեկդոտները:
Կցուցադրվեն Աճառյանի «Առտիալի» (Սուչավա) բարբառի աշխատության բնօրինակ էջերը, թանգարանում պահվող «Հայերեն արմատական բառարանի» պատճենը (ֆաքսիմիլային վերատպություն), լեզվաբանին պատկանող մի շարք անձնական իրեր:
Մուտքն ազատ է: