«Սոցիալ-մշակութային շերտերը արաբերենի դասավանդման մեջ» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
Ս.թ. հունիսի 2-3-ը՝ ժամը 10:30-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսիի անվան դահլիճում տեղի կունենա «Սոցիալ-մշակութային շերտերը արաբերենի դասավանդման մեջ» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովի շրջանակում Եվրոպայի, Ռուսաստանի և Հայաստանի տարբեր բուհերի մասնագետներ կներկայացնեն և կքննարկեն արաբերենի դասավանդման և ուսումնառության գործընթացները ձևավորող սոցիալական և մշակութային գործոնների միջև եղած կապը, արաբախոս հասարակություններում դիգլոսիայի ազդեցությունը լեզվական բազմազանության վրա, լեզվի դասավանդման մեջ բարբառների և մշակութային տարրերի ներառման մեթոդները և այդ տարրերի ազդեցությունը ինչպես դասավանդման, այնպես էլ ընդհանուր ուսուցման գործընթացի վրա:
Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել և քննադատաբար գնահատել արաբերենի դասավանդման մեջ զարգացող մանկավարժական մոտեցումները՝ շեշտը դնելով արդի գրական արաբերենի և արաբական բարբառների միջև եղած փոխհարաբերության վրա: