«Ոսկի սերմեր․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի 6-րդ մրցանակաբաշխության արարողությունը ԵՊՀ-ում
Ս.թ. հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի կունենա ԵՊՀ և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «Ոսկի սերմեր․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի 6-րդ մրցանակաբաշխության արարողությունը։
Ծրագրի նպատակն է խրախուսել օժտված ուսանողներին և նպաստել կրթության առաջընթացին՝ սահմանելով 44-օրյա պատերազմի հերոսների անուններով կրթամրցանակներ։ Նշանաբանն է՝ «Մեզ թաղեցին, բայց մենք սերմեր էինք»։
Մրցանակաբաշխության արարողությունը կազմակերպում են ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը։ Միջոցառման ընթացքում նախապես հայտարարված մրցույթների հաղթողները կպարգևատրվեն դրամական մրցանակներով ու ԵՊՀ հավաստագրերով։
Մրցանակակիրները հարգանքի ու երախտագիտության տուրք կմատուցեն հանուն հայրենիքի պաշտպանության զոհված հերոսների հիշատակին՝ ներկայացնելով իրենց գիտակրթական հաջողությունները։