ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026
Ս.թ. սեպտեմբերի 23-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառումը՝ մեկ վայրում համախմբելով ուսանողներին, շրջանավարտներին և գործատուներին՝ ստեղծելու համագործակցության, փորձի փոխանակման և տաղանդների բացահայտման նոր հնարավորություններ։
Միջոցառման ընթացքում նախատեսվում են նաև ոլորտային բանախոսություններ, քննարկումներ, ինտերակտիվ հարթակներ և այլ նախաձեռնություններ՝ միտված ուսանողների, համալսարանի և գործատուների միջև համագործակցության նոր ուղիների ստեղծմանը։
Ուսանող-համալսարան-գործատու համագործակցության էքսպոն 2026 թվականին կանցկացվի նորովի:
Նորույթ 1-ին. «ԲանՈՒԳործ․ ուսանողական նախաձեռնություններ-2026» ծրագրի շրջանակում կներկայացվեն ուսանողների մշակած նորարարական միջգիտակարգային նախագծերը։ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպոյի» մասնակից կազմակերպությունները հնարավորություն կունենան ծանոթանալու երիտասարդների գաղափարներին, ընտրելու իրենց հետաքրքրող նախագծերը և հանդես գալու որպես գործընկեր, հովանավոր կամ համամենթոր:
Նորույթ 2-րդ. «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի ժամանակ «Կարիերայի լաբորատորիա» հարթակի առաջին փուլում «Կարիերայի առաջին քայլերը․ գործատուների սպասելիքները» պանելային քննարկման ընթացքում առաջատար ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման (HR) մասնագետները կտան հետևյալ հարցերի պատասխանները.
Ինչի՞ն են առաջինը ուշադրություն դարձնում սկսնակ մասնագետ ընտրելիս,
Որքանո՞վ են կարևոր փորձը, կրթությունը և ինքնակենսագրականը (CV),
Ո՞ր հմտություններն են իրականում տարբերակում թեկնածուներին,
Ի՞նչ կարող ես անել դեռ համալսարանում՝ աշխատաշուկայում առավել պատրաստված հայտնվելու համար։
«Կարիերայի լաբորատորիայի» հաջորդ փուլում կներկայացվեն.
HR խորհրդատվական անկյուններ՝ անհատական աշխատանքի և հետադարձ կապի համար,
«Զրուցարագ»՝ գործատուների հետ կարճ ու նպատակային հանդիպումների համար։