Ուսուցչական առաջնորդություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
2022–2023 ուսումնական տարվանից Երևանի պետական համալսարանում իրականացվում է «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրը՝ հեռակա ուսուցմամբ։
«Ուսուցչական առաջնորդություն» կրթական ծրագրի տևողությունը 1,5 տարի է, ուսուցման ձևը՝ հեռակա, իսկ դասընթացները հիմնականում կազմակերպվում են առցանց ձևաչափով։
Ծրագրի շրջանավարտներին շնորհվում է մանկավարժության մագիստրոսի աստիճան և ուսուցչի որակավորում՝ ուսուցիչ-առաջնորդի մասնագիտացմամբ։
Ծրագիրն իրականացվում է Երևանի պետական համալսարանի և «Հայաստանի կրթական նախաձեռնություն» (նախկինում՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի») հիմնադրամի համագործակցությամբ։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել ուսուցիչ-առաջնորդներ և կրթության ոլորտի մասնագետների, որոնք ունեն ժամանակակից մանկավարժական, հետազոտական և առաջնորդական գիտելիքներ ու կարողություններ և պատրաստ են նպաստելու սովորողների ուսումնառությանը, կրթական հավասարությանը, դպրոցների ու համայնքների զարգացմանը և Հայաստանի կրթական համակարգում դրական փոփոխությունների կատարմանը։
Ծրագիրը նախատեսված է հանրակրթական միջին և ավագ դպրոցներում դասավանդող կամ դասավանդել ցանկացող անձանց համար։ Այն չի շնորհում տարրական դպրոցի դասվարի որակավորում։
Առավելությունները
Ծրագիրը համադրում է ակադեմիական ուսումնառությունը և իրական մասնագիտական փորձը՝ կարևորելով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (Work-Based Learning / WBL) մոտեցումը։ Ուսանողները հնարավորություն ունեն ծրագրում ձեռք բերած գիտելիքներն ու գործիքները կիրառելու իրենց մասնագիտական գործունեության ընթացքում՝ դասարանում, դպրոցում և կրթական համայնքում։