Ս․թ․ հունիսի 6-ին 95 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ հայտնի մաթեմատիկոս, Հայաստանի ու հայկական մաթեմատիկայի նվիրյալ Արշակ Հաճյանը:
Արշակ Հաճյանը ծնվել է 1930 թվականին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։ Քոլեջում սովորելու տարիներից տարվել է մաթեմատիկայով: 1950-ականների սկզբին կրթությունը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ ուսումնառելով Փենսիլվանիայի, ապա Չիկագոյի համալսարաններում։
Մաթեմատիկական հետազոտությունները սկսել է ժամանակի ամենահայտնի մաթեմատիկոսներից մեկի՝ Շիզուո Կակուտանիի ղեկավարությամբ, որի հետ նրա հետազոտությունները կապված մնացին ողջ կյանքում։ Պրոֆեսոր Կակուտանին Ա. Հաճյանին ուղղորդել է դեպի Է. Հոփֆի էրգոդիկ տեսության վերաբերյալ հայտնի աշխատանքը: Ա. Հաճյանը, մեծ հետաքրքրություն ցուցաբերելով անվերջ չափման տարածությունների ոլորտում հետազոտությունների նկատմամբ, ժամանակի ընթացքում դառնում է այդ տեսության առաջատար մասնագետներից մեկը:
Նրանք միասին ստեղծել են էրգոդիկ չափի պահպանմամբ ձևափոխությունների մի շարք օրինակներ, որոնք բացահայտում էին անվերջ չափ ունեցող տարածություններում էրգոդիկ ձևափոխությունների յուրահատկությունները։ Այս օրինակներից ամենահայտնիներից մեկն այժմ կոչվում է Հաճյան-Կակուտանիի ձևափոխություն։
Ա. Հաճյանը երկար տարիներ աշխատել է Հյուսիսարևելյան համալսարանում (Բոստոն, ԱՄՆ) և հանգստի անցել ութսուննանց տարիքում:
Նա անսահման հայրենասեր էր, ողջ գիտակցական կյանքում ջանացել է օգտակար լինել Հայաստանին և հայկական մաթեմատիկական մտքին։ Դեռևս խորհրդային տարիներին մի քանի անգամ այցելել է Հայաստան՝ Մաթեմատիկայի ինստիտուտ, կապեր հաստատել հայ մաթեմատիկոսների հետ, բայց նրա գործունեությունը բուռն զարգացում է ապրել անկախության տարիներին։
Դժվարին 90-ականներին նա պայքարել է Հայաստանում մաթեմատիկական հետազոտությունների «գոյատևման» համար: Հաղթահարելով բյուրոկրատական խոչընդոտները՝ Մաթեմատիկայի ինստիտուտ է բերել առաջին անհատական համակարգիչների բաղադրիչներն ու հավաքել դրանք չջեռուցվող սենյակներում՝ շարունակելով այդ գործը տարիներ:
Ա. Հաճյանի նախաձեռնությամբ և սեփական միջոցներով 1998 թվականին ստեղծվել է «Հետազոտական մաթեմատիկա» հիմնադրամը, որը կարևորագույն դեր է խաղացել երկրում մաթեմատիկական հետազոտությունների շարունակականության ապահովման գործում՝ կրթաթոշակներ տրամադրելով ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի լավագույն ուսանողներին, վճարելով մեր մաթեմատիկոսների գիտական գործուղումները, արտասահմանյան մասնագետների ընդունելությունները, աջակցելով միջազգային գիտաժողովների կազմակերպմանը: Հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտն ու բացվել ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին համակարգչային սենյակը։ Այսօր էլ հիմնադրամը գործում է՝ իր ավանդը ներդնելով Հայաստանում մաթեմատիկայի զարգացման գործում։
Նույնիսկ պատկառելի տարիքում Ա. Հաճյանը լի էր անսպառ էներգիայով. տարեկան մի քանի անգամ այցելում էր Երևան, մասնակցում էր գիտաժողովների, հետևում հիմնադրամի աշխատանքներին։
Ականավոր մաթեմատիկոս, մեծ հայրենասեր ու բարերար, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ա. Հաճյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի աշխատակազմ