ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի և Arcs.ai կրթական կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկեց «Ֆիզիկական օպտիկա» թեմայով եռամսյա անվճար դասընթացը՝ նախատեսված երիտասարդ հետազոտողների համար։
Առաջին հանդիպման ընթացքում դասընթացավարներն անդրադարձան ալիքային օպտիկայի հիմունքներին և էլեկտրամագնիսական (ԷՄ) տեսությանը։ Այնուհետև լաբորատոր պայմաններում պրակտիկ փորձառության ընթացքում մասնակիցները հասկացան լազերային փնջի ճշգրիտ համակարգման կարևորությունը, սովորեցին, թե ինչպես աշխատել օպտիկական էլեմենտների հետ և կառուցել պարզ օպտիկական համակարգեր։
«Ֆիզիկական օպտիկա» դասընթացի նպատակն է ուսանողներին մատուցել համակարգված գիտելիքներ ժամանակակից օպտիկայի վերաբերյալ՝ սկսած լույսի ալիքային բնույթի հիմնարար սկզբունքներից, մինչև նորագույն օպտիկական սարքերի աշխատանքի մեխանիզմները։ Ծրագիրը մշակվել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնի առաջատար մասնագետների կողմից և ուղղված է տեսական խոր գիտելիքների ձեռքբերմանն ու գործնական հմտությունների զարգացմանը։
Դասընթացի տևողությունը 3 ամիս է, շաբաթական՝ երկու հանդիպում։ Յուրաքանչյուր պարապմունք բաղկացած է տեսական դասախոսությունից և գործնական մասից՝ խնդիրների լուծում կամ լաբորատոր աշխատանք։
Ծրագիրը նախատեսված է ֆիզիկայի և հարակից ինժեներական մասնագիտությունների բակալավրիատի բարձր կուրսերի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար։ Մասնակցության համար անհրաժեշտ են ընդհանուր ֆիզիկայի, էլեկտրամագնիսականության և վեկտորական հաշվի հիմնարար գիտելիքներ։
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան հիմնարար գիտելիքներ օպտիկայի հիմնական բաժիններից և կծանոթանան ժամանակակից ֆոտոնիկայի հիմնական գաղափարներին։ Բացի տեսական գիտելիքներից՝ նրանք նաև ձեռք կբերեն գործնական լաբորատոր հմտություններ՝ օպտիկական և ֆոտոնիկական լաբորատորիաներում աշխատելու համար։ Մասնակիցները կսովորեն աշխատել օպտիկական սարքավորումների հետ, կատարել չափումներ, վերլուծել ստացված տվյալները, ինչպես նաև կառուցել և կարգավորել օպտիկական տարբեր համակարգեր։
Դասընթացին գրանցվել է մոտ 50 մասնակից։ Ամենաբարձր առաջադիմություն ցուցաբերած և մոտիվացված ուսանողները բացառիկ հնարավորություն կստանան միանալու ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականություն լաբարտորիայի գիտական ընթացիկ նախագծերին։
Դասընթացի լավագույն 2 ուսանողները կստանան 320 ԱՄՆ դոլար կրթաթոշակ։