Ավարտվել են ՀՀ ուսանողական մարզական 27-րդ խաղերի վոլեյբոլի՝ աղջիկների և տղաների մրցաշարերը, որոնցում հաջողությամբ հանդես են եկել Երևանի պետական համալսարանի թիմերը։
ԵՊՀ աղջիկների՝ վոլեյբոլի թիմը ցուցադրել է մարզական բարձր պատրաստվածություն, նպատակասլացություն և թիմային ոգի՝ մրցաշարում գրանցելով փայլուն արդյունք։ Համալսարանականները կիսաեզրափակիչ խաղում հաղթել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմին, իսկ եզրափակիչում՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թիմին՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։
Աղջիկների մրցաշարի արդյունքներով՝
1-ին տեղ՝ Երևանի պետական համալսարան
2-րդ տեղ՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան
3-րդ տեղ՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
Հաջողությամբ են հանդես եկել նաև ԵՊՀ տղաների՝ վոլեյբոլի թիմի մարզիկները՝ զբաղեցնելով 3-րդ պատվավոր տեղը և արժանանալով բրոնզե մեդալների։
Երկու թիմերի հաջողությունները ԵՊՀ մարզական կյանքի, ուսանողների նվիրվածության, հետևողական աշխատանքի և մարզական կամքի լավագույն դրսևորումներից են։
Շնորհավորում ենք մեր մարզիկներին, մարզիչներին և բոլոր աջակիցներին գրանցած հաջողությունների կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ, նվաճումներ և մարզական բարձունքներ։



