ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի կենտրոնի և ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջֆակուլտետային մրցումները հանդիսավոր կերպով եզրափակվեցին շախմատի մրցումներով՝ ամփոփելով ուսանողական ակտիվ և մրցակցային միջավայրով հագեցած շրջանը։
Մրցումները նպատակ ունեին խթանելու ուսանողների մտավոր կարողությունների զարգացումը, ռազմավարական մտածողությունը և միջֆակուլտետային համագործակցությունը։
Տղաների մրցապայքարում 1-ին տեղ գրավեց Պատմության ֆակուլտետի ուսանող Վահան Նալբանդյանը՝ ցուցադրելով կայուն և հաշվեկշռված խաղ։ 2-րդ տեղը զբաղեցրեց Կենսաբանության ֆակուլտետի ուսանող Էդգար Մնացականյանը, իսկ 3-րդ տեղը՝ Իրավագիտության ֆակուլտետի ուսանող Հրանտ Սուքիասյանը։
Աղջիկների մրցապայքարում ևս գրանցվեց հետաքրքիր և դիտարժան պայքար։ 1-ին տեղը գրավեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Մանե Հեպոյանը՝ աչքի ընկնելով վստահ և ճշգրիտ քայլերով։ 2-րդ տեղը զբաղեցրեց Պատմության ֆակուլտետի ուսանողուհի Աննա Թավաքալյանը, իսկ 3-րդ տեղը՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Սաթենիկ Գալստյանը։
Մեծ է նմանօրինակ նախաձեռնությունների դերը ուսանողական կյանքի ակտիվացման և առողջ մրցակցային ոգու ձևավորման գործում:


