
Անգլերեն, ֆրանսերեն և հաղորդակցություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ծրագրին դիմելու հնարավորություն ունեն միջնակարգ, նախնական կամ միջին մասնագիտական կրթության վկայական ունեցող դիմորդները։ Ընդունելությունը կատարվում է՝ համաձայն ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի», (ՀՀ Կառավարության որոշում (26 ապրիլի 2012 թ․ N597- Ն))։
Դիմորդը հանձնում է ընդունելության հետևյալ քննությունները՝ հայոց լեզու և գրականություն (գրավոր), անգլերեն (գրավոր) կամ ֆրանսերեն (գրավոր):
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել գործնական հաղորդակցության ոլորտի բարձրակարգ և մրցունակ մասնագետներ, որոնք ազատ կտիրապետեն ֆրանսերենին, տվյալ լեզվով գործնական, միջմշակութային և միջանձնային հաղորդակցման մշակույթին, զարգացնել ուսանողների ֆրանսերեն և անգլերեն հաղորդակցության իրազեկությունը իր բոլոր բաղադրիչներով՝ խոսքային, թարգմանչական, լեզվամշակութային, ճանաչողական և այլն, պատրաստել մասնագետներ, որոնք կկարողանան աշխատել որպես թարգմանիչ (գրավոր և բանավոր), մանկավարժ, էքսկուրսավար և հարակից այլ մասնագիտություններով։
Առավելությունները
Առաջարկվող ծրագիրը մշակվել է արդի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Առարկայացանկն ընտրվել է գործաբանական տեսանկյունից՝ կարևորելով ուսումնառության արդյունքում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորությունը: Ծրագրային կողմնորոշիչներ են ծառայել նաև արտասահմանյան հետևյալ համալսարանների համապատասխան մագիստրոսական ծրագրերի մոդելները՝ Պոլ Վալերի Մոնպելիե 3 համալսարան («Արվեստ», «Գրականություն», «Լեզու»), Էքս ան Պրովանսի համալսարան («Միջմշակութային հաղորդակցություն. լեզու, գրականություն, արվեստ»), Լիլի համալսարան («Կիրառական լեզուներ»), Ֆրանշ Կոնտե համալսարան («Կիրառական լեզվաբանություն»):
Ուսումնառությանն օժանդակում են նաև Ֆրանկոֆոնիայի համալսարանական կազմակերպությունը (AUF), Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (OIF), «Էրազմուս+» ծրագիրը և այլ ծրագրեր, որոնք նպաստում են դասախոսների և ուսանողների շարժունությանը։
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները երկու եվրոպական լեզուներով հաղորդակցվելու ժամանակակից հմտությունների և համապատասխան ռազմավարության կիրառման շնորհիվ կկարողանան դիմակայել շուկայական մրցակցությանը և իրենց տեղն ապահովել ժամանակակից աշխատաշուկայում: Շրջանավարտները կարող են աշխատել մասնագիտական ուղղվածություն ունեցող տարբեր հաստատություններում (ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչություններ, տուրիստական գործակալություններ, թարգմանչական գրասենյակներ, կրթական հաստատություններ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, թանգարաններ, մշակութային միություններ, հրատարակչություններ (օր.՝ «Զանգակ», «Անտարես»), դասավանդել «Ֆրանսերեն» կամ «Անգլերեն» առարկան (ըստ ընտրության) հանրակրթական դպրոցներում և տարբեր կրթական հաստատություններում):