ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի և Կատարի համալսարանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության շրջանակում Արաբագիտության ամբիոնի ուսանողների հերթական խումբը հնարավորություն է ստացել մասնագիտական գիտելիքներն ու լեզվական հմտությունները կատարելագործելու Կատարի համալսարանի ոչ լեզվակիրների համար արաբերենի ուսուցման կենտրոնում (Arabic for Non-Native Speakers Center):
Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին անցնելու լեզվական ինտենսիվ վերապատրաստում, շփվելու մայրենի լեզվակիրների հետ և անմիջականորեն հաղորդակից դառնալու արաբական մշակույթին ու միջավայրին: Ուսումնառության ընթացքում ուսանողները կխորացնեն արաբերենի գրավոր և բանավոր խոսքի հմտությունները, ինչպես նաև կմասնակցեն միջազգային ուսանողական միջավայրում իրականացվող մշակութային ու ճանաչողական ծրագրերին:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը մեծապես կարևորում է միջազգային գործընկեր համալսարանների հետ կապերի ընդլայնումը և ուսանողական փոխանակման նմանօրինակ ծրագրերի իրականացումը, որոնք էապես նպաստում են ապագա արաբագետների մասնագիտական որակավորման բարձրացմանն ու միջազգային աշխատաշուկայում նրանց մրցունակության ապահովմանը:
Հատկանշական է, որ Կատարի համալսարանի հետ իրականացվող այս ծրագիրը շարունակական է, և տարիներ ի վեր ԵՊՀ արաբագիտության ամբիոնի լավագույն ուսանողները հնարավորություն են ստանում իրենց ուսումնառության մի փուլն անցկացնելու Արաբական ծոցի առաջատար կրթական կենտրոններից մեկում: