ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի «Թյուրքական պատմաբանասիրություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ԵՊՀ պատմության ֆակուլտետում կայացել է հրավիրյալ մասնագետի դասախոսություն՝ նվիրված հայկական գյուղի սոցիալ-մշակութային լանդշաֆթի մարդաբանական ուսումնասիրությանը։
Միջգիտակարգային հետազոտությունների հնարավորությունները, ինչպես նաև մասնագիտական գիտելիքները համակողմանիորեն զարգացնելու նպատակին միտված դասախոսություն-հանդիպմանը ուսանողներին ուղեկցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։
«Տարածքի՝ որպես սոցիալ-մշակութային լանդշաֆթի կազմակերպումը հայկական գյուղում. մարդաբանական դիտանկյուն» թեմայով զեկույցով հանդես է եկել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մխիթար Գաբրիելյանը։
Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձել է հայկական գյուղական բնակավայրերում տարածության ընկալման առանձնահատկություններին, սոցիալական և մշակութային միջավայրի ձևավորման գործընթացներին, ինչպես նաև այդ երևույթների ուսումնասիրությանը մարդաբանական դիտանկյունից։
Հանդիպումն ուղեկցվել է ակտիվ քննարկմամբ և հարցուպատասխանով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու բանախոսին և խորացնելու թեմայի վերաբերյալ իրենց գիտելիքները։




