ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում տեղի է ունեցել «Իրանը և Հարավային Կովկասը արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում» թեմայով աշխատաժողով:
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Իրանի Իսլամական Հանրապետության ներքաղաքական հոսանքների ազդեցությունը Իրանի հարավկովկասյան քաղաքականության վրա (2013-2024 թթ.) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության օրինակով» (ծածկագիր՝ 25YR-6A021) թեմատիկ ծրագրի շրջանակում: Աշխատաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը, «25YR-6A021» ծածկագրով գիտական ծրագրի ղեկավար, դոցենտ Լիանա Պետրոսյանը, ինչպես նաև ծրագրի անդամներ Գարիկ Միսակյանը, Արփինե Առուշանյանը և Նարե Գևորգյանը:
Հատուկ բանախոսությամբ հանդես եկավ գիտական ծրագրի արտասահմանյան գործընկեր, Թեհրանի համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ալի Քալիրադը, որն աշխատանքային այցով հյուրընկալվել էր ԵՊՀ իրանագիտության ամբիոնում ս.թ. հոկտեմբերի 11–18-ն ընկած ժամանակամիջոցում:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին Իրանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունները, տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներն ու Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական արդի զարգացումներում Իրանի Իսլամական Հանրապետության դերակատարումը:
Բանախոսությանը մասնակցում էին նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, հետազոտողներ, ուսանողներ և ոլորտով հետաքրքրված մասնագետներ, որոնք ակտիվ մասնակցություն ունեցան ծավալված քննարկումներին:






