ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում տեղի է ունեցել «Հարավային Կովկասում հաղորդակցության նոր ուղիները և ԻԻՀ դիրքորոշումը» թեմայով միջազգային կլոր սեղան-քննարկում:
Միջոցառման համակազմակերպիչներն էին ԵՊՀ իրանագիտության ամբիոնը, Թեհրանի համալսարանի Կովկասյան հետազոտությունների ինստիտուտը, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Իրանի Իսլամական Հանրապետության ներքաղաքական հոսանքների ազդեցությունը Իրանի հարավկովկասյան քաղաքականության վրա (2013–2024 թթ.) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության օրինակով» (ծածկագիր՝ «25YR-6A021») թեմատիկ ծրագրի հետազոտական խումբը:
Քննարկման ընթացքում զեկուցումներով և ելույթներով հանդես եկան ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը, «25YR-6A021» ծածկագրով թեմատիկ ծրագրի ղեկավար, դոցենտ Լիանա Պետրոսյանը, ծրագրի անդամներ Գարիկ Միսակյանը, Արփինե Առուշանյանը և Նարե Գևորգյանը:
Իրանյան կողմից ելույթ ունեցան ծրագրի արտասահմանցի գործընկեր, Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Ալի Քալիրադը, Թեհրանի համալսարանին կից Կովկասյան հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ջաֆար Խաշեն, նույն ինստիտուտի գիտաշխատող, Կովկասի ու Հայաստանի հարցերով փորձագետ Մորթեզա Մողադամին:
Միջոցառման մասնակիցները մանրամասն քննարկեցին Հարավային Կովկասում տրանսպորտային և տարածաշրջանային հաղորդակցության նոր ուղիների ձևավորման հեռանկարները, առկա մարտահրավերներն ու այդ գործընթացներում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն ու ռազմավարական մոտեցումները:






