Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի և դոցենտ Վարուժան Գեղամյանի համահեղինակությամբ «Journal of Balkan and Near Eastern Studies» հեղինակավոր գիտական պարբերականում լույս է տեսել հոդված՝ նվիրված քաղաքական տիտղոսների և մականունների դերին ժամանակակից Թուրքիայում։
«Re-Inventing Reis: History and the Discursive Evolution of Erdoğan’s Popular Title» խորագրով գիտական աշխատանքում հեղինակները վերլուծում են, թե ինչպես է քաղաքական գործչի մականունը կամ տիտղոսը դառնում գաղափարախոսական կարևոր գործիք։ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի օրինակով ցույց է տրվում, թե ինչպես է տիտղոսի ընտրությունն ու տարածումը հանրության շրջանում ծառայում իշխող օրակարգի առաջմղմանը և քաղաքական համակարգի ամրապնդմանը։
Հոդվածի լուսընծայումը Մեծ Բրիտանիայում հրատարակվող և միջազգային Scopus Q1 վարկանիշային քառորդում ներառված պարբերականում վկայում է հետազոտության բարձր որակի և միջազգային արդիականության մասին։
Հետազոտության հիմնական եզրահանգումներից մեկն այն է, որ Էրդողանի տիտղոսների էվոլյուցիան ևս մեկ անգամ ապացուցում է Թուրքիայի ներկայիս իշխող վերնախավի կողմից նեոօսմանականության գաղափարախոսության որդեգրումը։ Քաղաքական տիտղոսների ուսումնասիրությունը թույլ է տալիս ավելի խորքային հասկանալ հարևան երկրի արտաքին քաղաքական հավակնությունները և ներքին կառուցվածքային փոփոխությունները։