ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը և նույն ամբիոնի դոցենտ Արտյոմ Տոնոյանը հրապարակել են գիտական նոր հոդված՝ նվիրված Իրանի քաղաքական տարբեր համակարգերի պայմաններում ազգայնականության դիսկուրսիվ շարունակականությանը։
Հետազոտությունը լույս է տեսել «Wiley» հրատարակչության հեղինակավոր «Studies in Ethnicity and Nationalism» գրախոսվող պարբերականում։ Այս ամսագիրը միջազգային գիտական հանրության կողմից լայնորեն ճանաչված է և ինդեքսավորված է միջազգային հեղինակավոր գիտական շտեմարաններում, ինչն ընդգծում է հետազոտության գիտական բարձր արժեքն ու արդիականությունը համաշխարհային գիտության մեջ։
«Understanding the Continuity of Discursive Nationalism Under Successive Political Systems of Iran: Persian Gulf Naming, Pop-Nationalism and Symbolic Consensus» խորագրով հոդվածում հեղինակները վերլուծում են Իրանի ազգայնական խոսույթի առանձնահատկությունները՝ որպես հիմնական դիտակետ ընտրելով Պարսից ծոցի անվանակոչության շուրջ ընթացող վեճը։
Հետազոտության շրջանակում կիրառելով քննադատական խոսույթի վերլուծության մեթոդը և թվային հարթակներից հավաքագրած որակական տվյալները՝ հեղինակները ցույց են տալիս, որ Իրանում տեղի է ունենում խորհրդանշական համաձայնություն (symbolic consensus) պետական, ընդդիմադիր և հանրային պատումների միջև։
Ըստ հետազոտողների՝ Պարսից ծոցի անվանակոչության հարցը վաղուց դուրս է եկել հիդրոնիմ լինելու պարզ սահմաններից։ Այն դարձել է միավորող գաղափարական և հուզական հարթակ, որը կապում է նախահեղափոխական և հետհեղափոխական էլիտաներին, ինչպես նաև Իրանում և նրա սահմաններից դուրս գտնվող թվային հանրությանը։
Հոդվածում ընդգծվում է, որ թվային հարթակներում «պոպ-ազգայնականության» այս դրսևորումները, լինելով պետության կողմից թույլատրելի, ուղղորդում են հանրային խորքային հույզերը և ամրապնդում ազգային ինքնության համակարգված պատումը։
Հետազոտությունն արժեքավոր ներդրում է քաղաքական գիտության և իրանագիտության ոլորտներում՝ ցույց տալով, թե ինչպես կարող են պետական քաղաքական համակարգերի փոփոխությունները չխոչընդոտել ազգային ինքնության հիմնարար խոսույթների շարունակականությանը։