Աշխատաժողովն ուսումնասիրում է նախաարդիական շրջանում «դին»-ի (dīn, լայն իմաստով՝ կրոն) գաղափարը և դրա կիրառումներն արաբամուսուլմանական տարբեր իմացաբանական ավանդույթներում։ Աշխատաժողովի շրջանակում կքննարկվեն «դին»-ի ընկալումը, առարկայացումը և սահմանումը հասարակական-քաղաքական, աստվածաբանական, իրավական, փիլիսոփայական և գրական համատեքստերում։
Աշխատաժողովի գլխավոր հարցը վերաբերում է «դին»-ի հատկանիշներին, որոնք արտահայտված են արաբական մի շարք նախաարդիական աղբյուրներում և դրանց իմացաբանական միջավայրերում։ Առանցքային թեմաները ներառում են «դին–դունյա» (dīn–dunyā) զույգի ուսումնասիրությունը, «կրոն»-ի և կառավարման (siyāsa, tadbīr), «կրոն»-ի և օրենքի, «կրոն»-ի և գիտելիքի փոխհարաբերությունը, դրանց գործառութայնացումը կայսերական և սոցիալական կարգերում, «կրոն»-ի դերը մասնավոր էթիկական համայնքային ոլորտներում, այլության կառուցարկման գործում և հարակից այլ թեմաներ։
Նպատակը ոչ թե «դին» հասկացության սահմանում տալն է, այլ դրա իմաստային դաշտի քարտեզագրումը՝ հնարավորություն ստեղծելով համատեքստային և պատմականացված մոտեցմամբ ավելի խոր ըմբռնելու դրա բազմաշերտ իմաստները։ Այս մոտեցումն իր հերթին հնարավորություն է տալիս առավել մանրակրկիտ դիտարկելու նաև «իսլամ» կատեգորիան՝ հաղթահարելով նորմատիվ սահմանումների և էսենցիալիստական մեկնաբանությունների սահմանափակումները, ինչպես նաև վերաիմաստավորելու «կրոն» հասկացությունը, որը սովորաբար կիրառվում է որպես «դին» եզրի թարգմանություն։
Հաշվի առնելով, որ ժամանակակից գիտական քննարկումներում կրկին ակտիվացել են բանավեճերը այն մասին, թե որքանո՞վ է «կրոն» կատեգորիան առհասարակ կիրառելի իսլամի ուսումնասիրության համատեքստում, սույն գիտաժողովն առաջարկում է վերաիմաստավորել «դին» հասկացությունը (ներառյալ վերջինիս առնչվող այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են īmān, milla և այլն)՝ առաջնահերթություն տալով մուսուլմանական սկզբնաղբյուրներին և ներքին բանավեճերին։ Այս մոտեցումը նպատակ ունի բացահայտելու նշված հասկացությունների պատմական բազմազանությունն ու իմաստային նրբերանգները, ինչը հնարավորություն կտա առավել խոր ըմբռնելու այդ բարդ հասկացությունների պատմական ձևափոխումներն ու զարգացումը։