2026 թվականի հունիսի 10–12-ը Տալլինի համալսարանում (Էստոնիա) տեղի ունեցավ «XVI Լոտմանյան օրեր» գիտաժողովը, որն այս տարի կրում էր «Ավարտ․ ամբողջականությունը և նորացումը մշակույթում» խորագիրը:
Մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Տիգրան Սիմյանը գիտաժողովին հանդես եկավ զեկուցումով՝ նվիրված «Սասնա ծռեր» էպոսի տարբերակներում մահվան և «վերջի» խնդրի ուսումնասիրությանը։ Պրոֆեսոր Տ. Սիմյանը գիտաժողովին մասնակցել է ««Սասնա ծռերը» արվեստում և հասարակական-քաղաքական դիսկուրսում. սոցիալական հիշողություն, ինքնություն, տիպաբանություն և բազմամոդալականություն» դրամաշնորհի շրջանակում, որը ֆինանսավորում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (դրամաշնորհ՝ № 24SSAH-6B014)։
Հայաստանից գիտաժողովին զեկուցումով հանդես եկավ նաև հայտնի հայ նշանագետ և լեզվաբան Սուրեն Զոլյանը «Պատմական հիշողության և ազգային ինքնության ձևավորման կոգնիտիվ, հաղորդակցական և նշանագիտական մեխանիզմները. հայկական էպոսի, պատմագրության, քաղաքային տարածության և քաղաքական դիսկուրսի միջգիտակարգային վերլուծություն» ծրագրի շրջանակում (դրամաշնորհ՝ № 21AG-6C041)։
Պրոֆեսոր Տ. Սիմյանը ծանոթացել է գիտաժողովի մասնակիցներին, ինչպես նաև հանդիպել Յուրի Լոտմանի ռեպոզիտորիայի աշխատակիցների հետ։ Պրոֆեսորը հատկապես կարևորեց գիտաժողովի կազմակերպիչներ Մերիտ Մարանի, Տատյանա Կուզովկինայի, Եկատերինա Յաբլոկովայի և Աննա Սիմագինայի գիտական ներուժի և խորհրդանշական կապիտալի ներդրումը:
Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին «Էրազմուս+» ծրագրի համատեքստում նոր նախագծերի հեռանկարներ, որոնց թվում՝ եռաստիճան համագործակցությունը պրոֆեսորադասախոսական կազմի, PhD ուսանողների և բակալավրիատի ուսանողների միջև։
Պրոֆեսոր Տ. Սիմյանը այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Տարտուի համալսարանի գործընկերների՝ նշանագիտության ամբիոնի վարիչ Տիիտ Ռեմի, նշանագիտության դասախոս Սիլվի Սալուպերեի, Միխայիլ Լոտմանի, Յուրի Լոտմանի զարմուհի Լարիսա Նայդիշի հետ։
Մասնակիցների համար կազմակերպվել է պաշտոնական հատուկ ընդունելություն Տալլինի ռատուշայում։



