ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ մայիսի 19-ին կազմակերպվեց «Կառավարման հոգեբանության ժամանակակից մարտահրավերները և հետազոտությունների հեռանկարները» թեմայով վարպետաց դաս։ Հրավիրված բանախոսն էր ՀՀ հոգեբանության ոլորտում բազմամյա գիտակրթական փորձառությամբ, գիտահետազոտական կառույցների հիմնադիր և ղեկավար, կառավարման և մասնագիտական գործունեության հոգեբանության ոլորտի առաջատար մասնագետ, հ․գ․թ․, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը։
Կարևորելով թեմայի արդիականությունը՝ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան, փ․գ․թ․, դոցենտ Ա. Բաղդասարյանը ներկայացրեց զեկուցողի բազմամյա փորձառությունն ու անցած ուղին և շեշտեց նմանօրինակ միջոցառումների նշանակությունը:
Դասախոսության ընթացքում Ռ. Աղուզումցյանը անդրադարձավ կառավարման հոգեբանության գիտամեթոդական հիմնահարցերին և փորձարարական հետազոտությունների կարևորությանը, կառավարման ժամանակակից մոտեցումներին, դրանցում անձի հոգեկան ակտիվության մեխանիզմներին, ժամանակակից կառավարիչների և ղեկավարների կառավարման հմտություններին։
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հ․գ․դ․, պրոֆեսոր Հ. Ավանեսյանը, ընդգծելով մասնագիտական արդիական հարցերի, ոլորտի մարտահրավերներին անդրադառնալու, ինչպես նաև առաջադրված հիմնախնդիրների կարևորությունը, ընդգծեց նաև պրոֆեսոր Ռ.Աղուզումցյանի մեծ ավանդը ԵՊՀ- ում հոգեբանական կրթության և գիտական հետազոտությունների զարգացման հարցերում։
Նշենք, որ դասախոսությանը մասնակցեցին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողները, մագիստրոսները, ասպիրանտներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը, գործնական հոգեբաններ և այլ բուհերի ներկայացուցիչներ։