ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում անցկացվեց բաց դասախոսություն՝ «Կոգնիտիվ հոգեմոտորիկայի և սենսորոմոտոր ինտեգրման ընդհանուր սկզբունքներ» թեմայով։ Դասախոսությունը վարեց Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կոգնիտիվ հետազոտությունների ինստիտուտի դոցենտ, հոգեբանական գիտությունների դոկտոր Վալերիա Կարպինսկայան։
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոսները և «Հոգեբանություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողները, որոնք հնարավորություն ունեցան անմիջապես կապ հաստատելու ոլորտի առաջատար գիտնականներից մեկի հետ։ Դասախոսության ընթացքում ներկայացվեցին հիմնական գիտական մոտեցումները ճանաչողական գործընթացների ուսումնասիրության ոլորտում՝ ներառյալ գիտելիքի ձևավորման մեխանիզմները, ճանաչողության և գիտակցության փոխկապակցվածությունը, ինչպես նաև ընկալման և գործողության խնդիրները ժամանակակից կոգնիտիվ գիտության շրջանակում։
Նշենք, որ Վալերիա Կարպինսկայան միջազգային գիտական հանրության կողմից ճանաչված մասնագետ է․ նա հեղինակել է ավելի քան 130 գիտական հրապարակում, այդ թվում՝ «Պերցեպտիվ պատրանքների հոգեֆիզիկա» և «Կոգնիտիվ հոգեմոտորիկա» մենագրությունները։ Նա նաև համահեղինակ է «Գիտակցության հոգեբանություն» և «Տեսողական ընկալում» առցանց ուսուցողական ծրագրերի և ղեկավարում է «Սովա-Նյանկա» ՍՊԸ-ի սենսորոմոտոր ինտեգրման գիտամեթոդական կենտրոնի հետազոտական ծրագիրը։ Վալերիա Կարպինսկայան նաև Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովի անվան միջշրջանային գրադարանային համակարգում «Առողջության ծիածան ծնողների համար» ծրագրի համահաղորդավարն է։