ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները «Ռազմական և արտակարգ իրավիճակների հոգեբանություն» դասընթացի շրջանակում ս.թ. դեկտեմբերի 5-ին այցելեցին ՀՀ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կրթահամալիր։
Այցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ոստիկանների և փրկարարների մասնագիտական գործունեությանը, նրանց հոգեբանական առանձնահատկություններին, արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում մասնագիտական պատրաստվածությանն ու կիրառվող գործիքակազմին։
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի պետ, հ.գ.թ., դոցենտ Ն․ Նազարյանը գիտակրթական այցի ողջ ընթացքում ուսանողներին ներկայացրեց կրթահամալիրի կառուցվածքը, ուսումնական գործընթացի առանձնահատկությունները, կրթական ծրագրերը, կրթահամալիրի սաների առօրյան և նրանց մասնագիտական հնարավորություններն ու հեռանկարները։ Դոցենտ Ն․ Նազարյանն իր խոսքում նշեց, որ արտակարգ և ճգնաժամային իրադրություններում չափազանց կարևորվում է ոլորտում աշխատող ցանկացած մասնագետի՝ փրկարարի, պարեկի, քրեագետի, այդ թվում՝ հոգեբանի մասնագիտական գործունեությունը:
«Հոգեբանները մեր մասնագետների հետ հավասարապես ծառայություն են մատուցում դեպքի վայրում, թեժ գծում, վերապատրաստումներում՝ կարևորելով մարդու կյանքը և նպաստելով վտանգների ու աղետների նվազեցմանը»,- նշեց ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի պետ Ն․ Նազարյանը։
Ուսանողներն այցելեցին կրթահամալիրի մարզական կենտրոններ, ծանոթացան ոստիկանության և փրկարար ծառայության համար անհրաժեշտ մարզումների համակարգին։ Մասնակցեցին քրեագիտական ուսուցողական գործնական վարժանքի՝ ծանոթանալով հետախուզության, իրեղեն ապացույցների որոնման, ամրագրման, հարցաքննության, դեպքի վայրի զննման աշխատանքներին։
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման օպերատիվ-հետախուզական գործունեության և քրեագիտության ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Ա․ Սմբատյանը և ամբիոնի դասախոս Լ․ Սարդարյանը ուսանողներին ներկայացրին օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատկությունները, դժվարություններն ու ռիսկերը։ Ինտերակտիվ շփումների և գործնական աշխատանքների արդյունքում ուսանողները լիարժեք պատկերացում կազմեցին քրեական և իրավաբանական հոգեբանության, արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում հոգեբանի և այլ մասնագետների համագործակցության, նրանց աշխատանքի բնույթի և գործունեության հոգեբանական կողմերի մասին։
Լ․ Սարդարյանը նշեց, որ մասնագիտական համագործակցությունը բարձրացնում է արդյունավետությունը, կադրային պատրաստվածությունը, ինչու չէ, նաև մեկ նպատակի շուրջ համախմբվելը հատկապես այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են հանցավորության դեմ պայքարին, անչափահասների հետ տարվող կանխարգելիչ աշխատանքներին, ընտանեկան բռնությանը, բուլինգին, թմրամոլության դեմ պայքարին և այլն։
Հատուկ գործնական դաս էր կազմակերպել նաև կրթահամալիրի աղետների և ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի աշխատակազմը: Դասի ընթացքում ամբիոնի պետ, բ.գ.թ, դոցենտ Ա․ Խաչատրյանը և մյուս աշխատակիցները մանրամասն ներկայացրին առաջին բուժօգնություն ցուցաբերելու կանոնները, հրշեջների, փրկարարների և ջրասուզակների աշխատանքի առանձնահատկությունները, նրանց աշխատանքում հոգեբանության դերն ու նշանակությունը։
Ուսանողները հնարավորություն ունեցան նաև մասնակցելու ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպված կրակային վարժանքին, ծանոթացան մատնահետքեր վերցնելու տեխնիկաներին, ոստիկանական և փրկարար ծառայության գործիքակազմին։
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հ․գ․թ․, դոցենտ Դ․ Սարգսյանին հանձնվեց շնորհակալագիր՝ ուսումնագործնական դասընթացը կազմակերպելու համար։






