ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ բաց դասախոսություն՝ «Չինական փիլիսոփայության ազդեցիկ հոսանքները։ Դրսևորումները սոցիալ-մշակութային միջավայրում» թեմայով՝ նպատակ ունենալով խթանելու հայ-չինական մշակութային համագործակցությունը և հանրությանը ներկայացնելու չինական փիլիսոփայության ազդեցությունը տարբեր ոլորտներում։
Միջոցառման մասնակիցներին ողջունեց ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը` ընդգծելով մշակութային երկխոսության, կրթական և գիտական ոլորտներում հայ-չինական գործակցության կարևորությունը։
Օրվա բանախոսը՝ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը, ներկայացրեց չինական փիլիսոփայական մտքի ձևավորման ու զարգացման հիմնական առանձնահատկություններն ու փուլերը։ Քննարկվեցին առավել ազդեցիկ հոսանքերի՝ կոնֆուցիականության, դաոսականության, չինական բուդդայականության, լեգիզմի, մոհիզմի նորկոնֆուցիուսականության հիմնական գաղափարները, զարգացման օրինաչափություններն ու միտումները։ Վերլուծվեցին չինական փիլիսոփայական գաղափարների և ավանդույթների դրսևորումները, դրանց ազդեցությունը հանրային կյանքի տարբեր ոլորտների վրա՝ կրթություն, ընտանիք, քաղաքական կառավարում, տնտեսական միջավայր, առողջապահական պրակտիկաներ, հանրային հարաբերություններ։
Դոցենտ Հ․ Հովհաննիսյանը զուգահեռներ անցկացրեց նշված ոլորտներում չինական փիլիսոփայության (կոնֆուցիականություն, դաոսականություն, բուդդայականություն, լեգիզմ, նորֆուցիականություն) և արևմտյան (հունահռոմեական անտիկ փիլիսոփայություն, քրիստոնեություն, լուսավորչականություն, լիբերալիզմ) փիլիսոփայական հոսանքների ազդեցությամբ ձևավորված սոցիալ-մշակութային և արժեքային համակարգերի միջև։
Հնչեցին հարցեր, ծավալվեց մտքերի ակտիվ փոխանակում։
Ելույթ ունեցան նաև Հայաստան-Չինաստան բարեկամության միության նախագահ Կարեն Ավագյանը, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չենբերջյանը, «Ալտմեդ» ավանդական բժշկության կենտրոնի տնօրեն Մկրտիչ Ավագյանը։
Գեղագրության վարպետ և տեսաբան Չեն Ցյաոն միջոցառման մասնակիցներին ծանոթացրեց չինական գեղագրության (կալիգրաֆիայի) պատմությանն ու հիմնական օրինաչափություններին, ներկայացրեց հայկական այբուբենի, թռչնատառերի և չինական գեղագրության ընդհանուր գծերը։ Մասնակիցները ստացան հուշանվերներ չինական գեղագրության դրվագներով։
Հնչեցին հայկական և չինական մեղեդիներ, երգարվեստի գեղեցիկ կատարումներ «Հայաստանի նոր անուններ» ծրագրի (ղեկավար՝ Նոնա Վարդանյան) տաղանդավոր երաժիշտների կատարմամբ։
Միջոցառումը կազամակերպել էին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը և Միջազգային
գիտամշակութային կենտրոնը (Հայաստանում չինարենի ուսուցման և թեստավորման կենտրոն)՝ Հայոց
փիլիսոփայական ակադեմիայի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135
հիմնական դպրոցի հետ համատեղ։






