ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը և «Թադևոսյանս» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արևիկ Անանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորելու ջանքերը ուսանողների կրթական և մասնագիտական զարգացման ուղղությամբ։
Համագործակցության առանցքում բարձր առաջադիմություն և սոցիալական աջակցության կարիք ունեցող ուսանողների աջակցությունն է։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել ուսման վարձի ֆինանսավորում «Հոգեբանություն» և «Փիլիսոփայություն» բակալավրի կրթական ծրագրերի ուսանողներին, ինչպես նաև ստեղծել ավելի լայն հնարավորություններ մասնագիտական աճի, փորձի փոխանակման և գործնական հմտությունների զարգացման համար։
Կարևորվել է նաև ուսանողների ներգրավվածությունը հիմնադրամի տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում, ինչը հնարավորություն կտա երիտասարդներին ոչ միայն ստանալու կրթական աջակցություն, այլև մասնակցելու իրական նախագծերի և ձեռք բերելու փորձառություն։
Հուշագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ հանդիպում ֆակուլտետի ուսանողների հետ, որի ընթացքում ներկայացվեցին հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը։ Քննարկումը անցավ ակտիվ մթնոլորտում, իսկ ուսանողները հնարավորություն ունեցան խոսելու իրենց հետաքրքրող թեմաների և հետագա համագործակցության հնարավորությունների մասին։





