Հուլիսի 16-ին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, շրջանավարտները, նրանց հարազատներն ու հյուրերը։
Շրջանավարտներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքով դիմեց Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Պարգև Բարսեղյանը՝ մաղթելով նրանց մասնագիտական և անձնական հաջողություններ, նոր ձեռքբերումներ և հորդորեց արժանապատվորեն շարունակելու իրենց ընտրած ուղին։ Դեկանն ընդգծեց աստվածաբանական կրթության կարևորությունն ու առաքելությունը՝ կոչ անելով շրջանավարտներին իրենց ձեռք բերած գիտելիքներն ու արժեքները ծառայեցնել հասարակության բարօրությանը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդին՝ ֆակուլտետի կրթական, գիտական և հասարակական կյանքում դրսևորած ակտիվ գործունեության և նվիրված աշխատանքի համար։
Շրջանավարտներին շնորհավորեցին նաև «Կրոնական զբոսաշրջություն» կրթական ծրագրի ղեկավար Արամ Հովհաննիսյանը, Աստվածաբանության և հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Նարինե Միրզոյանը՝ մաղթելով նրանց մասնագիտական կայացում, շարունակական ինքնազարգացում և հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։
Հանդիսավոր արարողության ընթացքում շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները։
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկան Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Գրիգորյանը և նախագահության անդամ Անահիտ Քոչարյանը։ Շրջանավարտների անունից նրանք երախտագիտություն հայտնեցին ֆակուլտետի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին և համալսարանին՝ գիտելիքների, մասնագիտական և հոգևոր արժեքների փոխանցման, մշտական աջակցության ու հոգատար վերաբերմունքի համար՝ ընդգծելով, որ համալսարանում անցկացրած տարիները դարձել են իրենց կյանքի կարևորագույն և հիշարժան փուլերից մեկը։
Հանդիսավոր միջոցառումն ամփոփվեց ջերմ շնորհավորանքներով, բարեմաղթանքներով՝ խորհրդանշելով շրջանավարտների կյանքի նոր ու պատասխանատու փուլի մեկնարկը։