Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողներ Արևիկ Սահակյանը և Լիա Բալուգյանը մասնակցել են «Երիտասարդության միջազգային փառատոն-2026»-ին, որն անցկացվել է սեպտեմբերի 11-ից 17-ը Եկատերինբուրգ (ՌԴ) քաղաքում: Փառատոնը համախմբել է աշխարհի 191 երկրից 10 000 երիտասարդի՝ դառնալով գիտելիքների փոխանակման, միջմշակութային հաղորդակցության և միջազգային համագործակցության հարթակ։
Մեկ շաբաթվա ընթացքում ուսանողները, երիտասարդ մասնագետներն ու երիտասարդական միավորումների ներկայացուցիչները մասնակցել են դասախոսությունների, քննարկումների, վարպետության դասերի, մշակութային և մարզական միջոցառումների։ Փառատոնի թեմատիկ ուղղություններն ընդգրկել են գիտությունն ու կրթությունը, միջազգային համագործակցությունը, երիտասարդական քաղաքականությունը, թվային տեխնոլոգիաները, մեդիան և ստեղծարար արդյունաբերությունները։ Ծրագրում ներառված էին նաև հանդիպումներ հասարակական և պետական հայտնի գործիչների հետ։
Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար փառատոնին մասնակցությունը հնարավորություն էր՝ ընդլայնելու մտահորիզոնը, ծանոթանալու տարբեր երկրների երիտասարդական նախաձեռնություններին, ինչպես նաև ձեռք բերելու միջազգային հաղորդակցության փորձ։ Հագեցած ծրագիրը նպաստել է փորձի փոխանակմանը, համախոհների որոնմանը և նոր կապերի հաստատմանը։
Առանձնահատուկ տեղ են զբաղեցրել աշխարհի ժողովուրդների մշակույթին և ավանդույթներին նվիրված միջոցառումները։ Տարբեր երկրների ներկայացուցիչների հետ ծանոթությունը մասնակիցներին հնարավորություն է ընձեռել ավելի լավ հասկանալու միմյանց և տեսնելու, թե ինչպես է մշակութային բազմազանությունը դառնում երկխոսության ու համատեղ գործունեության հիմք։
Փառատոնի շրջանակում Արևիկ Սահակյանը և Լիա Բալուգյանը հանդիպել են նաև Վոլգոգրադի և Կոլումբիայի պատվիրակությունների հետ։ Այս հանդիպումները լրացրել են կրթական ծրագիրը՝ անմիջական շփման և մտքերի փոխանակման հնարավորություն ընձեռելով։
Եկատերինբուրգում գտնվելու ընթացքում ուսանողներն այցելել են Հայ առաքելական Սուրբ Կարապետ եկեղեցի։ Այցելությունը կարևոր տեղ է զբաղեցրել քաղաքի, ինչպես նաև հայրենիքի սահմաններից դուրս հայկական մշակութային և հոգևոր ժառանգությանը ծանոթանալու ընթացքում։
«Երիտասարդության միջազգային փառատոն-2026»-ին մասնակցությունը նպաստել է ուսանողների կրթական և մշակութային փորձառությանը՝ նոր հնարավորություններ բացելով տարբեր երկրների ներկայացուցիչների հետ շփման և համագործակցության համար։








