ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Լիաննա Մաթևոսյանը ս.թ. նոյեմբերի 13-ին մասնակցել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանում (ՌԴ, Մոսկվա) կայացած ռուս-հայկական II գիտակրթական համաժողովին և ելույթ ունեցել «Փոխըմբռնման արվեստը․ լեզուն և մշակույթը կրթական ու միջմշակութային երկխոսության մեջ» խորագրով նիստում։
Նիստը վարել է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Նիկիտա Գուսևը։
Լիաննա Մաթևոսյանն անդրադարձել է ժամանակակից Հայաստանում ռուսաց լեզվի դերին և այն պատճառներին, թե ինչու է դրա ուսուցումը շարունակում պահանջված մնալ։ Պրոֆեսորը նշել է, որ Հայաստանի գրադարաններում լայնորեն ներկայացված է ռուսալեզու գրականությունը, իսկ ռուսերենի իմացությունն օգնում է մասնագետներին շփվելու այլ երկրների գործընկերների հետ։ Հետխորհրդային տարածքի երկրներում ապրող և աշխատող հայերի համար ռուսերենը մասնագիտական հաղորդակցության միջոց է և նպաստում է հարմարվելու սոցիալական ու մշակութային նոր միջավայրին։
Լիաննա Մաթևոսյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի և Ռուսաստանի հայ համայնքի հաղորդակցության մեջ ռուսաց լեզվի դերին։ Ըստ բանախոսի՝ 2020 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալներով Ռուսաստանում շուրջ 950 հազար մարդ իր ազգությունը նշել է որպես հայ։ Պրոֆեսորն ընդգծել է, որ ռուսերենն օգնում է պահպանելու կապերը թե՛ համայնքի ներսում, թե՛ Ռուսաստանում և Հայաստանում ապրող հայրենակիցների միջև։
Խոսելով լեզվի և մշակույթի կապի մասին՝ Լիաննա Մաթևոսյանն անդրադարձել է Չինգիզ Այթմատովի այն մտքին, որ լեզուն աշխարհը ճանաչելու միջոց է։
«Լեզուն մտածելու նուրբ ու բարդ եղանակ է», - նշել է պրոֆեսորը։
Համաժողովը համախմբել է Ռուսաստանի և Հայաստանի համալսարանների, գիտական կազմակերպությունների, պետական մարմինների և գործարար շրջանակների ավելի քան 100 ներկայացուցիչների։ Լիագումար նիստին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը։






