ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի 8 ուսանող նոր ուսումնական տարվա նախաշեմին Տվերում (ՌԴ) մասնակցեցին ռուսաց լեզվի ամառային դպրոցի շրջանակում կազմակերպված միջազգային կրթական ծրագրին:
ԵՊՀ ուանողները ամառային դպրոցի շրջանակում մասնակցեցին տարաբնույթ կրթական ծրագրերի՝ ծանոթանալով նաև երկրի պատմամշակութային արժեքներին:
Տվերի պետական համալսարանում նրանք մասնակցեցին «Ռուսական լեզվական աշխարհի պատկերը», «Ժամանակակից ռուսաց լեզվի ակտուալ խնդիրները», «Հայկական բառերը ռուսական պոեզիայում», «Հայրենական մեծ պատերազմ. պատմական ասպեկտ» և կրթական այլ ծրագրերի։ Նախագիծը ներառում էր նաև մասնագիտական դասախոսություններ և սեմինարներ՝ նվիրված Գրիբոյեդովի կյանքին ու գործունեությանը:
Կրթական ծրագրից զատ՝ ուսանողներն այցելեցին պատմամշակութային վայրեր ինչպես Տվերում, այնպես էլ ՌԴ մի շարք այլ քաղաքներում, ինչպիսիք են Ռժևը, Ստարիցան, Տորժոկը:
Ուսանողներն այցելեցին նաև ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, որտեղ եղան խորհրդանշական պատմամշակութային վայրերում՝ Կարմիր հրապարակ, Տրետյակովյան պատկերասրահ։ Մասնակիցների համար կազմակերպվել էր նաև էքսկուրսիա Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդ:
Համալսարանականները հանդիպում ունեցան Տվերի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացան նրանց գործունեությանը, եղան Տվերի Սուրբ Հարություն եկեղեցում։
Տասնօրյա ամառային դպրոցի ավարտին ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր։
ԵՊՀ ռուս գրականության ամբիոնի դասախոս, ՌԴ մեկնած ուսանողների խմբի ղեկավար Էդգար Արշակյանը, կարևորելով այսօրինակ ծրագրերը, նշեց, որ ամառային դպրոցն իր բազմաբնույթ և բավական հագեցած ծրագրով ուսանեղներին հնարավորություն տվեց ոչ միայն հարստացնելու իրենց գիտելիքները ուսումնասիրվող լեզվի ոլորտում, այլև նորովի բացահայտելու ռուսական մշակույթի առանձնահատկությունները:
Նշենք, որ ս․թ․ հուլիսի 21-31-ը անցկացված միջազգային նախագիծն իրականացվել է Տվերում գործող Ռուսական կենտրոնի կողմից և «Ռուսկիյ միր» հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի գործընկերն էր Տվերի պետական համալսարանը: