ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում. ինչպես է հնչում 19-րդ դարի սատիրան այսօր, և ինչու է Սալտիկով-Շչեդրինի ստեղծագործությունը շարունակում արդիական մնալ:
Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ կլոր սեղան՝ նվիրված ռուս մեծ գրող Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի ծննդյան 200-ամյակին։
Միջոցառումը, որը կազմակերպել էր ռուս գրականության ամբիոնը, համախմբել էր դասախոսներին և ուսանողներին՝ ստեղծելով գիտական և ստեղծագործական մտքերի ակտիվ փոխանակման միջավայր։
Դասախոսների զեկուցումները բացահայտեցին գրողի ստեղծագործության տարբեր շերտերը։ Ամբիոնի վարիչ, դոցենտ Ա. Ս. Աթանեսյանն անդրադարձավ «Պարոնայք Գոլովլյովները» վեպում աստվածաշնչյան մոտիվների արտացոլմանը՝ ընդգծելով դրանց խորքային գաղափարական նշանակությունը։ Ամբիոնի դոցենտ Վ. Ա. Ադամյանը ներկայացրեց հետաքրքիր դիտարկումներ Սալտիկով-Շչեդրինի հեքիաթների «թերապևտիկ» ազդեցության մասին՝ ցույց տալով դրանց արդիականությունը ժամանակակից հասարակության մեջ։
Ուսանողները ևս ակտիվորեն ներգրավվեցին քննարկմանը՝ ներկայացնելով գրողի կենսագրությանը և ստեղծագործական աշխարհին նվիրված իրենց ելույթները։
Կլոր սեղանին առցանց ձևաչափով մասնակցեց նաև Սալտիկով-Շչեդրինի տուն-թանգարանի աշխատակից Վ. Վ. Կոժևան, որը ներկայացրեց Վյատկայում տեղակայված թանգարանի գործունեությունը՝ ընդգծելով, որ հենց այնտեղ է ձևավորվել երիտասարդ գրողի աշխարհայացքը։
Միջոցառումն ավարտվեց ակտիվ և բովանդակալից քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները համադրեցին տարբեր մոտեցումներ՝ ամփոփելով ներկայացված հիմնական գաղափարները։
Ամփոփելով միջոցառումը՝ ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը ուսանողների մասնագիտական մտածողության և մշակութային հորիզոնների ընդլայնման գործում։









