ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում ընթացիկ ուստարվա ապրիլ ամսվա ընթացքում անցկացվել է հաշվետու գիտական սեմինարների շարք՝ համաժողովի ձևաչափով։ Միջոցառումների շրջանակում ամբիոնների վարիչները ներկայացրել են դասախոսների 2025–2026 ուստարվա գիտական, ուսումնական-մեթոդական և միջազգային գործունեության արդյունքները։
Ռուս լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցության տեսության ամբիոն
Նիստի ընթացքում դասախոսները ներկայացրել են իրենց կատարած գիտական աշխատանքների հաշվետվությունները։ Լուսաբանվել են առաջատար գիտական ամսագրերում հրապարակումները, միջազգային գիտաժողովներին մասնակցությունը, ինչպես նաև գիտական սեմինարների և կլոր սեղան-քննարկումների կազմակերպումը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դասախոսների հրապարակային ակտիվությանը։ Պրոֆեսոր Լ. Մաթևոսյանը ներկայացրել է մի շարք հոդվածներ, որոնք հրապարակվել են միջազգային գիտական շտեմարաններում (Scopus, Web of Science) ինդեքսավորվող պարբերականներում, անդրադարձ է կատարել նաև տպագրության ընթացքի մեջ եղող աշխատանքներին։ Նա իր հետազոտություններում քննում է շարահյուսության լինգվոդիդակտիկ խնդիրներ և ռուսաց լեզվի դասավանդման հարցեր։
Պրոֆեսոր Լիլիթ Բրուտյանը զեկուցել է միջազգային ժողովածուներում մի շարք գիտական հոդվածների հրապարակման նախապատրաստման մասին:
Ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան ներկայացրել է հաղորդակցական կարողությունների ձևավորմանն ու ժամանակակից դիսկուրսում լեզվական միավորների գործառությանը վերաբերող հետազոտությունները։
Դոցենտ Ռուզաննա Գրդձելյանը հանդես է եկել երկլեզվության և դիսկուրսային լինգվոկրեատիվության, ինչպես նաև միջլեզվական համարժեքությունների տիպաբանության հարցերին նվիրված աշխատանքների ակնարկով։
Ս. Լամբարջյանը և Ա. Խիզանցյանը ներկայացրել են դարձվածաբանության և պատմալեզվաբանական գիտակարգերին առնչվող ուսումնասիրություններ։
Հաշվետու շրջանում ամբիոնը նախաձեռնել է նաև «Երկլեզվություն ժամանակակից աշխարհում» թեմայով կլոր սեղան՝ միտված ուսանողներին գիտական քննարկումներում ներգրավելուն։
Ռուսաց լեզվի ամբիոն
Հաշվետու սեմինարը նվիրված էր 2025 թվականին կազմակերպված մի շարք գիտամեթոդական սեմինարներին, որոնք շոշափել են դասավանդման արդի հարցերին վերաբերող մի շարք հարցեր։ Լ. Զոլյանն անդրադարձել է մասնագիտական տեքստերի հետ աշխատելիս քննադատական մտածողության զարգացմանը, Ս. Լալայանը վերլուծել է ուսումնական գործընթացում շարահյուսական նյութի կազմակերպման սկզբունքները, իսկ Մ. Արշակյանը՝ բացահայտել հաճոյախոսության (комплимент)՝ որպես դրական կրթական միջավայրի ձևավորման արդյունավետ գործիքի դերն ու նշանակությունը:
Զեկուցումներն ուղեկցվում էին գործնական նշանակության նկատառումներով ու դասախոսների ակտիվ քննարկումներով։
Ռուս գրականության ամբիոն
Ռուս գրականության ամբիոնի հաշվետու սեմինարում ներկայացվել են հետազոտություններ՝ նվիրված սիմվոլիզմի պոետիկային, գեղարվեստական տեքստերի վերլուծությանը և գրականության դասավանդման խնդիրներին։ Զեկուցեցին Է. Արշակյանը, Ա. Աթանեսյանը, Մ. Մկրտչյանը և Կ. Մխիթարյանը։ Աշխատանքներն ընդգրկում էին թեմաների լայն շրջանակ՝ Ֆյոդոր Սոլոգուբի պոետիկայի վերլուծությունից մինչև Ա. Չեխովի արձակում քրոնոտոպի ուսումնասիրություն և XX դարի ռուս գրականության ուսումնական ձեռնարկների մշակում։
Միջազգային գիտական գործունեություն
Ֆակուլտետի դասախոսներն ակտիվ մասնակցել են միջազգային գիտաժողովների Մոսկվայում, ԱՄՆ-ում, ինչպես նաև «Երկլեզվություն և մշակույթների երկխոսություն․ XXI դարի մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովին (Պարմա–Միլան (Իտալիա))։
Հատուկ ուշադրության է արժանացել դասախոսների մասնակցությունը ակադեմիական շարժունության ծրագրերին։ «Erasmus+» ծրագրի շրջանակում կազմակերպվել են արտագնա դասախոսություններ (օրինակ՝ Պալացկու անվան համալսարան (Օլոմոուց, Չեխիա))։
Հաշվետու սեմինարներն ամփոփ ներկայացրին ֆակուլտետի գիտական բարձր ակտիվությունը, հետազոտական ուղղությունների բազմազանությունն ու միջազգային կայուն կապերը։ Ռուս բանասիրության ֆակուլտետը շարունակում է գիտակրթական ակտիվ գործունեությունը՝ ուղղված ակադեմիական ժամանակակից միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև հետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավման հնարավորությունների ստեղծմանը։


