ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը վերստեղծվել է 1998 թվականին Պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների տեսության և պատմության ամբիոնի հենքի վրա, որի կազմում ընդգրկվել է նաև Փիլիսոփայության ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնը: 2007 թվականին ֆակուլտետում հիմնադրվել է Հանրային կառավարման ամբիոնը:
Տարիների արդյունավետ և հսկայածավալ աշխատանքի շնորհիվ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը աստիճանաբար դարձել է Երևանի պետական համալսարանի առաջատար ֆակուլտետներից մեկը: Ֆակուլտետում հիմնարար հետազոտություններ են կատարվում հետևյալ ուղղություններով.
միջազգային հարաբերությունների տեսություններ
արտաքին քաղաքականություն և դիվանագիտություն
քաղաքագիտության տեսություն և պատմություն
քաղաքական ինստիտուտների ու գործընթացների հետազոտություն
հանրային կառավարում
հանրային քաղաքականության մշակում ու կառավարում
Ֆակուլտետը մշտապես կատարելագործում և բարելավում է կրթական ծրագրերը, ինչի շնորհիվ ուսանողները ստանում են ժամանակի կրթական պահանջներին ու չափանիշներին համապատասխան կրթություն: Ֆակուլտետի առաջարկած կրթական ծրագրերը կազմվել են հիմք ընդունելով ֆակուլտետի որդեգրած ռազմավարությունը, միջազգային լավագույն փորձն ու չափորոշիչները:
Ֆակուլտետում գործում է առկա և հեռակա ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա (դոկտորանտուրա)։ Ֆակուլտետը բաղկացած է երեք հիմնական բաժիններից՝ «Միջազգային հարաբերություններ», «Քաղաքագիտություն» և «Հանրային կառավարում»: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում գործում են 4 ամբիոններ.
Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության
Քաղաքագիտության
Հանրային կառավարման
Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում գործում են նաև հետազոտական և կրթական կենտրոններ.
Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
Չինարենի և չինական մշակույթի կենտրոն
Գիտահետազոտական կյանքը ֆակուլտետում ակտիվ է: Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մասնակցում են միջազգային գիտաժողովների, սեմինարների, աշխատաժողովների, հանդես են գալիս զեկուցումներով, իսկ գիտական ուսումնասիրությունների արդյունքները հրատարակվում են մենագրությունների և գիտական հոդվածների տեսքով:
Ֆակուլտետը հրատարակում է «YSU Journal of International Affairs» և «Political Science» գիտական պարբերականները, որոնք ներառված են ՀՀ ԲՈԿ պարբերականների և գիտական հանդեսների շարքում, ինչպես նաև միջազգային գիտական շտեմարաններում:
Գիտակրթական գործունեությունն արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից միջազգային հարաբերությունների ֆակուլտետում առանձնակի կարևորվում են տեղական, միջազգային համագործակցություններն ու գործընկերների հետ համատեղ աշխատանքները: Ֆակուլտետն ակտիվ համագործակցում է եվրոպական, չինական, ամերիկյան, ռուսաստանյան և տարածաշրջանային այլ առաջատար համալսարանների, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ Ազգային ժողովի, պետական այլ մարմինների ու գերատեսչությունների հետ, որտեղ էլ ֆակուլտետի ուսանողներն իրենց ուսումնառության ընթացքում հնարավորություն են ստանում անցնելու մասնագիտական պրակտիկա: Առկա է ընդլայնված համագործակցություն նաև միջազգային գիտակրթական կենտրոնների ու հաստատությունների հետ։ Դրա լավագույն վկայությունը ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ակտիվ մասնակցությունն է ակադեմիական շարժունության ու միջազգային կրթական ծրագրերին, ինչպես նաև մեծ հեղինակություն ունեցող մասնագետների ներգրավմամբ դասախոսությունների (այդ թվում՝ առցանց ձևաչափով) կազմակերպման օրեցօր աճող ցուցանիշը։
Ֆակուլտետում գործում են ֆակուլտետային ուսանողական կառույցներ:
2024 թվականից ֆակուլտետում կազմակերպվում է ամենամյա միջազգային գիտաժողով՝ միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության թեմաներով, որին մասնակցում են Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի առաջատար համալսարանների մի շարք գիտնականներ:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները, հաջողությամբ իրենց տեղը գտնելով ակադեմիական ու գիտահետազոտական միջավայրում, ինչպես նաև առաջատար դերակատարում ստանձնելով միջազգային կապերի, բազմակողմ դիվանագիտության և միջպետական արդյունավետ համագործակցության ոլորտներում, համալրում են պետական կառավարման բարձրագույն մարմինների, դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման կառույցների առանցքային օղակները՝ դառնալով պետականության ամրապնդման և արտաքին քաղաքականության կերտման հուսալի հենասյուները։