Ընթացիկ ուսումնական տարվա հոկտեմբերի 7-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում կայացավ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 12-րդ գիտաժողովը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։
Գիտաժողովը մեկտեղել էր երիտասարդ հետազոտողների՝ հնարավորություն ընձեռելով ներկայացնելու իրենց գիտական ուսումնասիրությունները, քննարկելու հայագիտությանն առնչվող արդիական հարցեր և փոխանակվելու մասնագիտական գիտելիքներով ու գաղափարներով։ Այս փորձառությունը կարևոր նշանակություն ունի ուսանողների գիտահետազոտական գործունեության խթանման, նրանց ակադեմիական կարողությունների զարգացման և գիտական միջավայրում ակտիվ ներգրավվածության ապահովման տեսանկյունից։
Զեկուցումներով հանդես եկան վեց ուսանողներ, որոնք ներկայացրին իրենց աշխատանքները՝ անդրադառնալով հայ գրականության և հայոց լեզվի պատմությանն ու առանձնահատկություններին վերաբերող որոշ հարցերի։ Վերջիններս վկայում էին ուսանողների գիտական հետաքրքրությունների բազմազանության և հետազոտական աշխատանք կատարելու պատրաստակամության մասին։
Լավագույնը ճանաչվեցին երկու զեկուցումներ՝ Աննա Գասպարյանի «Կին-ծառ մոտիվը՝ որպես հայ գրականության չբացված էջ» և Աննա Ավանեսյանի «Գրաբարյան և միջինհայերենյան տարրերը Արցախի բարբառում» վերտառությամբ աշխատանքները։
Նմանօրինակ միջոցառումները մեծապես նպաստում են երիտասարդ հետազոտողների միջև համագործակցության ձևավորմանն ու գիտական հետաքրքրությունների ընդլայնմանը։
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված գիտաժողովը ևս մեկ առիթ էր արժևորելու ազգային լեզվամշակութային ժառանգությունը, ընդգծելու հայագիտության զարգացման կարևորությունը և նոր սերնդի հետազոտողների մասնակցությունը գիտական կյանքին։