Սույն թվականի հունիսի 11-ին հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ 2024-2025 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Տոնական միջոցառմանը ներկա էին նաև հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, դասախոսները, շրջանավարտների ծնողները, հարազատներն ու ընկերները:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Ա. Գալստյանը լեփ-լեցուն դահլիճում հանդիսավորությամբ շրջանավարտներին հանձնեց ավարտական վկայականները՝ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի անունից շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր ասելով նոր կյանք թևակոխող շրջանավարտներին. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում ենք ձեզ բարձրագույն կրթության ուղու կարևոր ավարտի կապակցությամբ։ Այս տարիները ձեր կյանքում եղել են ինքնաճանաչման, փորձառության կուտակման, գիտելիքի խորացման ու մասնագիտական ձևավորման եզակի շրջան։ Դուք հաղթահարել եք մի ճանապարհ, որը լի էր դժվարություններով ու հաղթանակներով, փորձություններով ու հաջողություններով։ Այսօր դուք՝ որպես գիտելիքով զինված, նորարար ու պատրաստակամ մասնագետներ, կանգնած եք կյանքի նոր փուլ մուտք գործելու շեմին։ Թող ձեր ընտրած ուղին լինի լուսավոր, մասնագիտական գործունեությունը՝ արգասաբեր, իսկ նվիրումն ու հավատը՝ մշտական ուղեկիցներ։
Համալսարանը հպարտ է ձեր ձեռքբերումներով և վստահ է, որ ձեր անունները դեռ շատ բարձր հնչելու են տարբեր ոլորտներում՝ ի նպաստ մեր երկրի ու հասարակության զարգացման։ Բարի երթ ձեզ ձեր նոր ճանապարհին»: