Սույն թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցավ Եվրոպական լեզուների և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի և Հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հր. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնների համատեղ սեմինարը:
Այն նվիրված էր բանահյուսության և միջմշակութային առնչությունների լուսաբանմանը։ Սեմինարը վարում էր անգլերենի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Շուշանիկ Պարոնյանը։
Հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողները և նրանց գիտական ղեկավարը՝ բ.գ.թ., դոցենտ Նվարդ Վարդանյանը Եվրոպական լեզուների և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներին ներկայացրին հայ բանահյուսության նմուշների քննության արդյունքները՝ կատարված ավարտական և մագիստրոսական աշխատանքների շրջանակներում։
Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Արմենուհի Քոչարյանը միջմշակութային առասպելաբանական հարուստ զուգահեռներով ներկայացրեց հուրի-փերիների կերպարները հայ ժողովրդական հեքիաթներում։ Չորրորդ կուրսի ուսանողուհի Մարիա Ապրեսյանի հետազոտությունը նվիրված էր արցախյան ավանդազրույցների քննությանը։ Ուսումնասիրության համար նյութ էին ծառայել ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում 2023–2025 թթ. գրառված արցախյան ավանդազրույցները։ Արցախցի Մ. Ապրեսյանը, որը նույնպես մասնակցել է բանահավաքչական աշխատանքներին, իր հետազոտության մեջ ուշագրավ տարբերակային քննության էր ենթարկել արցախյան ավանդազրույցները՝ համադրելով հին գրառումները նորերին։ Քնարիկ Պողոսյանի հետազոտության թեման առնչվում էր հայ ժողովրդական հմայական աղոթքներում գերբնական ոգիների կերպավորումներին։ Նա անդրադարձավ ստորին առասպելաբանական կերպարների՝ չար ոգիների կերպավորումներին հայ հմայական աղոթքներում։
Ուսանողները մեծ հետաքրքրությամբ լսեցին զեկուցումները և մասնակցեցին քննարկմանը։





